Նա եղել է բլինդաժում․ հայտնի է, թե ինչպես է վիրավորվել Երասխի համայնքապետը

Արարատի մարզի Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում հակառակորդի կրակոցների hետևանքով վիրավորում է ստացել թևի շրջանում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արարատի հիվանդանոցի տնօրեն Արայիկ Սարդարյանը:

 

«Նա եղել է բլինդաժում: Կրակոցների արդյունքում վիրավորվել է, հավանաբար, բեկորներից»,-ասաց հիվանդանոցի տնօրենը:

 

Նրա խոսքով՝ համայնքապետը Արարատի հիվանդանոց է տեղափոխվել կեսգիշերին: Օղիկյանի վիճակը միջին ծանրության է, կյանքին վտանգ չի սպառնում:  Գիշերը, սակայն, նրան տեղափոխել են Երևան «Աստղիկ» բժշկական կենտրոն:

 

Երասխի համայնքապետարանից Auroranews-ի հետ զրույցում նշեցին, որ այս պահին համայնքապետի վիճակը նորմալ է։ 

 

Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր: Իրադրությունը, ժամը 23:00-ի դրությամբ, շարունակում էր լարված մնալ: ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին նախազգուշացրել է, որ սահմանային ցանկացած սադրանք արժանանալու է կոշտ արձագանքի, և իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա: