Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ Արծվի թևերի մոտ բախվել են «Արզնի կաթ» ընկերության Jeep-ն ու կաթ տեղափոխող ավտոմեքենան

Այսօր, հուլիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում, ժողորվդին հայտնի՝ Արծվի թևերի մոտ, դեպի Երևան ընթանալիս, բախվել են Չարենցավան քաղաքի բնակիչներ 34-ամյա Հովհաննես Այվազյանի վարած Jeep և 29-ամյա Մկրտիչ Մկրտչյանի վարած բեռնատար ГАЗель մակնիշի ավտոմեքենաները։  

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, հարվածել երկաթբետոնե արգելապատնեշներին, մոտ 10 մետր գլորվել հսկայական քարերի ու հողաթմբի վրայով և հայտնվել ներքևում գործող ճանապարհին։  Վթարի հետևանքով 2 վարորդները, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն։ 

 

 Բախման հետևանքով ГАЗель-ը, որը բարձված է եղել կաթով, կողաշրջվել է իսկ կաթն էլ թափվել։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։  Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքն ու այնուհետև օգնել դարձի բերել ավտոմեքենաները և տեղափոխել անվտանգ վայր։  

 

Կայքի տեղկություններով՝ 2 ավտոմեքենաները պատկանում են «Արզնի կաթ» ՍՊԸ-ին։ 

Քաղաքականություն