ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ժամկետայինների ծնողներին վարչապետի օգնականը Փաշինյանի հետ մեծ հանդիպում խոստացավ

Կառավարության մոտ հավաքվել են Արցախում ծառայող զինվորների ծնողները։ Նրանք պահանջում են անհապաղ զորացրել Արցախյան վերջին պատերազմին մասնակցած բոլոր ժամկետային զինծառայողներին․

 

Մոտ մեկ ժամ Կառավարության մոտ անցկացնելուց հետո ծնողներին փոխանցեցին, որ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը պատրաստ է ընդունել մոտ 25-30 ծնողի, ծնողներն էլ պնդեցին, թե պետք է Նաիրի Սարգսյանը դուրս գա և անձամբ զրուցի իրենց հետ։

Ի վերջո վարչապետի օգնականը դուրս եկավ և դիմելով ծնողներին՝  ասաց, որ վարչապետը Մոսկվայից վերադառնալուց հետո մեծ դահլիճում հանդիպում կկազմակերպի և կլսի բոլոր ծնողներին։

Վերջիններն էլ պնդեցին՝ այսօր հստակ պատասխան պետք է տրվեր իրենց, վարչապետը կոնկրետ ժամկետներ էր խոստացել։

Նաիրի Սարգսյանի հեռանալուց  հետո ծնողները սկսեցին վանկարկել «զորացրում», այնուհետև որոշեցին՝ կառավարության շենքի մոտ նստացույց են անելու, մինչև իրենց պահանջները կատարեն։

Այս պահին ծնողները երթով շարժվում են դեպի ՌԴ դեսպանատուն, իրենց խոսքով՝ ՌԴ-ից օգնություն մուրալու, այնուհետև վերադառնալու են կառավարության մոտ և ինչպես հայտարարեցին, գիշերեն այնտեղ։

 

Մանրամասները ` a1plus.am-ի տեսանյութում: