Թմրամիջոց իրացնողները փորձել են փախուստի դիմել․ մանրամասներ
Քրեական ոստիկանության Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության և Ազգային անվտանգության ծառայության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանի բնակիչ՝ 31-ամյա և 32-ամյա երկու երիտասարդ պարբերաբար տեղադրված վայրերից ձեռք են բերում խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ և տելեգրամյան հավելվածի միջոցով զբաղվում դրանց իրացմամբ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
«Համատեղ իրացնելով օպերատիվ տեղեկությունները և համագործակցելով Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների հետ՝ պարզվել է, որ նշված երիտասարդները դեկտեմբերի 18-ին իրացնելու նպատակով Արմավիր քաղաքի Իսահակյան փողոցի հարակից ջրատարի մոտակայքից ձեռք են բերելու առանձնապես խոշոր չափի թմրամիջոց:
Իրավապահները նշված վայրում երիտասարդներին հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն: Ձերբակալվելիս նրանք 32-ամյա երիտասարդի վարած «Կիա» մակնիշի մեքենայով փորձել են փախուստի դիմել, ինչը կանխվել է:
32-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոց և մոխրացած հետքերով կաթուցիչ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում դատարանի որոշմամբ խուզարկվել է հատուկ պահպանվող տարածք տեղափոխված «Կիա» մակնիշի մեքենան․ հայտնաբերվել է 1 կգ 155 գրամ մարիխուանայի նմանվող զանգված:
Երևանի բնակիչ 31 և 32-ամյա երիտասարդները կալանավորվել են: Կատարվում է նախաքննություն»:





























