Ռուս-ուկրաինական հակամարտությունը պահանջում է փոխզիջումներ երկու կողմերից էլ. Տոկաև
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում նշել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման բարդությունը, հայտնում է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Մեր պետության ղեկավարը ընդգծել է ուկրաինական հակամարտության կարգավորման բարդությունը, որտեղ տարածքային հարցը գերակա է և պահանջում է փոխզիջումներ երկու կողմերից էլ՝ հաշվի առնելով տեղում առկա իրական իրավիճակը», - ասվում է հայտարարության մեջ։ Տոկաևը պարզաբանել է, որ երկիրը միջնորդի դեր չի ստանձնում, բայց անհրաժեշտության դեպքում պատրաստ է բարի կամքով բանակցային հարթակ տրամադրել։ Տոկաևը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ իրականացնելու այս տարվա նոյեմբերին Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։
«Այսօր առավոտյան ես երկու հիանալի հեռախոսազրույց ունեցա Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ: Մենք քննարկեցինք շարունակվող հակամարտություններում խաղաղություն հաստատելու, ինչպես նաև մեր երկրների միջև առևտրի և համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Երկու երկրների հետ հարաբերությունները գերազանց են»,- գրառում է կատարել ԱՄՆ նախագահ Դոնալադ Թրամփը:





























