Նիկոլ Փաշինյանը նշեց, թե որն է եղել ամենամեծ սխալը
Ինչպես ամեն օր, այսօր առավոտյան էլ ես հեռախոսազրույց եմ ունեցել Արցախի նախագահի հետ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուրախ եմ արձանագրել, որ բնակչության վերադարձի բավականին լավ տեմպ է սկսում արձանագրվել, իհարկե այն նշաձողի սահմաններում, որ մենք ունենք, արդեն իսկ ամեն օր վերադարձողների թիվը վերջին մեկ շաբաթվա ընթացքում գերազանցել է 1000-ը և տեմպը աճում է։ Առաջիկա ամենակարևոր անելիքն է՝ աջակցել, որպեսզի Արցախցիները վերադառնան Արցախ, նրանք, ում տները վնասված են, վերականգնվեն տները, տնտեսությունը սկսի աշխատել և դա ամենակարևոր անելիքն է, որի վրա Հայաստանի կառավարությունը և Արցախի կառավարությունը պետք է կենտրոնանան։ Կամավորների ներգրավվածությունն այս գործընթացին նույնպես շատ կարևոր է։ Սպասվում է, որ հենց այսօր կբացվի Լաչինի միջանցքով ճանապարհը դեպի Ստեփանակերտ և այն կգործի անխափան, ինչը միանշանակ կնպաստի ազատ հաղորդակցմանը»,- ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով պատգամավոր Հայկ Սարգսյանի հարցին կապված իշխանության թերացումների հետ՝ վարչապետը նշեց. «Ես կարող եմ ասել, որ վերջին 2.5 տարում մեր սխալը եթե փորձենք ձևակերպել, ես կարծում եմ հետևյալն է. պետք է արձանագրենք, որ մենք չենք կարողացել լրացնել այն ամեն ինչը, ինչ մեզ անհրաժեշտ էր լրացնել։ Բայց օրինակ Հակաօդային պաշտպանության համակարգում մենք հսկայական ձեռքբերումներ ենք ունեցել, ինչի մասին հրապարակային հայտարարվել է։ Մենք ձեռք ենք բերել ՏՈՐ համակարգեր, մենք ձեռք ենք բերել մոդերնիզացված ԱՍԱ համակարգեր և այդպես շարունակ։ Այլ բան է, որ իրադարձությունների զարգացումը ցույց է տվել, որ այդ բոլորը բավարար չեն գտնվել արդի մարտահրավերները սպասարկելու համար, մի պարզ պատճառով, որ վերջին ամիսների ընթացքում ի հայտ են եկել նոր գործոններ, որոնք որոշակիորեն փոխել են ուժերի հարաբերակցությունը այդ ոլորտում, իսկ ընդհանուր առմամբ եթե խոսենք Հայաստանի ռազմավարական սխալ մասին, ես կարող եմ ասել հետևյալը, մեր ամենամեծ սխալը, ես չեմ խոսում կոնկրետ որևէ կառավարության մասին, այլ ընդհանրապես մեր ընդհանուր ընկալմամբ ամենամեծ սխալը եղել է այն, որ մենք կարողացել ենք, մենք մտածել ենք, որ երկու մոտեցումը կարող է մեկտեղվել։ Մոտեցումներից մեկը՝ պատերազմի բացառում և մոտեցումներից երկուսը, ոչ մի թիզ հող։ Մենք պետք է հասկանայինք, որ պետք է ունենանք սցենար և պատրաստվենք այդ սցենարին։ Մեր ամենամեծ սխալը եղել է այն, որ մեզ թվացել է, որ մենք կարող ենք անվերջ ժամանակը ձգել»։