Պետք է հետազոտական կրթությունը բերել բուհեր. Փաշինյանը` նոր նախագծերի մասին
Սեպտեմբերի 23-ին, Սիլիկոնյան հովիտում աշխատող հայերի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է կրթական որակի և դրա բարելավման նախադրյալների մասին:
Նա նկատեց, որ «Սինոփսիս»-ը, ԹՈՒՄՈ կենտրոնները կրթական որոշակի ծրագրեր իրականացնում են, բայց ռազմավարական, ինստիտուցիոնալ առումով մենք դեռ չենք լուծել կրթության խնդիրը:
«Մենք պետք է Հայաստանում բոլոր երեխաների համար նախակրթարանները պետք է դարձնենք հասանելի եւ մատչելի, պետք է կրթության որակի վրա աշխատենք: Այսօր մեր կրթական համակարգում աշխատում է 38 հազար ուսուցիչ, բայց տարբեր հաշվարկներով, այդ 38 հազարից 7-8 հազար հաստիք անհրաժեշտ չի: Մենք ունենք հարյուրավոր դեպքեր, երբ մեկ հաստիքի վրա գրանցված է 4 ուսուցիչ:
Մենք ուսուցիչ ունենք, որ ամսական ստանում է 25-30 հազար դրամ աշխատավարձ: Կարելի է հարց տալ, թե մարդն ինչպես է գոյատեւում 25 հազար դրամով, բայց ես մեկ ավելի կարեւոր հարց կտամ՝ 25 հազար դրամ ստացող ուսուցիչը երեխային ի՞նչ է տալիս: Մեզ եւ ձեզ հայտնի պատգամավորները, թեկնածուները իրենց նախընտրական շտաբի աշխատողի բարեկամին, եղբորը, քրոջը, կնոջը, որդուն, դստերը ընդունել են աշխատանքի»,-ասաց վարչապետը:
Նա հավելեց, որ բուհական համակարգում եւս խնդիրների պակաս չկա. «Կան ֆակուլտետներ, որ շատ ուժեղ են մնացել, եւ կան ֆակուլտետներ, որ փլուզված վիճակում են եւ ի վիճակի չեն որեւէ գիտելիք փոխանցելու: Ժամանակակից աշխարհում բուհական համակարգը հետազոտության հետ ուղիղ կապված է, մեր երկրում ուսանողն ավարտում է եւ այդ ողջ ընթացքում գոնե մեկ անգամ տեսած չի լինում այն գործիքը, որով պետք է այդ աշխատանքը կատարի:
Պետք է հետազոտական կրթությունը բերել բուհեր: Հիմա կոնկրետ նախագծեր կան, որոնք շատ մեծ դիմադրության են արժանանալու:
Օրինակ գիտահետազոտական ինստիտուտները միացնել բուհերի հետ, բուհերը միացնել իրար հետ:
Հենք հիմա տարբեր լաբորատորիաներ պետական կարգավիճակից հանում, տանում դնում ենք բուհերում: Մենք այս ուղղությամբ պետք է առաջ գնանք:
Այսօր մասնագետն ավարտում է բուհը եւ իր դիպլոմով չի կարողանում աշխատանքի ընդունվել «Սինոփսիսում»: «Սինոփսիսն» ասում է՝ արի 6 ամիս ես քեզ նախապատրաստեմ, որ ընդունեմ աշխատանքի»:
Փաշինյանն ընդգծեց, որ Հայասյատում ոչ ոք չգիտի, թե ինչ սկզբունքով է որոշվում, թե որքան պետպատվերի տեղ պետք է իջեցվի: