Պապոյանն այցելել է պետության կառավարմանն անցած «Արարատցեմենտ» գործարան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է էկոնոմիկայի նախարարության կառավարմանն անցած Արարատի ցեմենտի գործարան՝ տեղում ծանոթանալու արտադրական գործընթացի կազմակերպմանը։ Այս մասին Գևորգ Պապոյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
Այցին մասնակցել են նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը և Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը։
«Էկոնոմիկայի նախարարությունը ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր քայլերը, որպեսզի գործարանն աշխատի ամբողջ հզորությամբ, անխափան և արդյունավետ։ Այցի ընթացքում ծանոթացա նաև գործարանի առջև ծառացած խնդիրներին և հանձնարարեցի դրանք համակողմանի ուսումնասիրել՝ դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու և արտադրության անխափան շարունակականությունն ապահովելու նպատակով»,- գրել է նախարարը։
Հուլիսի 16-ին ՀՀ դատախազությունը հայտնել էր, որ «Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը։ «Արարատցեմենտ»-ի սեփականատերը գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն էր։
2023 թվականի հոկտեմբերի 9-ին Գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով: Հայցադիմումով, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, ի թիվս այլնի, պահանջվել էր հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերը:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում, 2026 թվականի հուլիսի 13-ին Գլխավոր դատախազության կողմից Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացվել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն՝ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ: Դատարանի 2026 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ ներկայացված միջնորդությունը բավարարվել է․ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը: