ՌԴ-ում վառելիքի ճգնաժամը մասամբ հաղթահարվել է
Ռուսաստանի Դաշնությունում նավթամթերքի ներքին շուկայում իրավիճակը մասնակիորեն կայունացել է, ինչի մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը վառելիքի թեմային նվիրված խորհրդակցությունից հետո։
«Վեստի» տեղեկատվական համակարգին տված հարցազրույցում Նովակը նշել է, որ ձեռնարկված միջոցառումները տալիս են իրենց արդյունքները, շուկան մասնակիորեն կայունանում է, բազմաթիվ տարածաշրջաններում հանվում են սահմանափակումները, ինչը նկատելի է աշխատող լիցքավորման կայանների թվով և հերթերի նվազմամբ։
Փոխվարչապետը հավելել է, որ կառավարության հատուկ ուշադրության կենտրոնում է բերքահավաքին ներգրավված գյուղատնտեսական ընկերությունների վառելիքի մատակարարումը։ Նրա խոսքով՝ ևս մեկ անգամ հաստատվել են յուրաքանչյուր տարածաշրջանի բալանսները, ինչպես նաև կոնկրետ նավթային ընկերություններից այդ տարածաշրջաններ մատակարարումների ծավալները։
Նովակը նշել է, որ նավթային ընկերությունների և ագրարայինների միջև պահանջարկի ու առաջարկի բալանսի ապահովման աշխատանքները համակարգվելու են տարածաշրջանային օպերատորների կողմից։
Միևնույն ժամանակ փոխվարչապետը ընդգծել է, որ առանձին տարածաշրջաններում լարված իրավիճակը պահպանվում է, և այսօր ընկերությունների հետ ձեռքով, կետային ռեժիմով քննարկում էին այդ տարածաշրջանները նավթամթերքով հագեցնելու տարբերակները։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հյուսիսային մատակարարման տարածաշրջանների վառելիքի ապահովմանը։ Նովակի խոսքով՝ այստեղ նույնպես կարճ նավագնացության սեզոն է, և հյուսիսային օբյեկտները ավիակերոսինով ու ձմեռային դիզելային վառելիքով ապահովելու նպատակով մանրամասն քննարկվել է կարգավիճակը, մասնավորապես՝ ինչ ծավալներ են արդեն առաքվել և ինչ ծավալներ է անհրաժեշտ լրացուցիչ մատակարարել։
Ինչպես հաղորդվում էր, ՌԴ-ում 2026 թվականին արձակուրդների սեզոնով պայմանավորված վառելիքի սպառման ավանդական աճը համընկել է նավթավերամշակման գործարանների (ՆՎԶ) արտապլանային նորոգումների շարքի հետ։ Այս ֆոնին տարբեր տարածաշրջանների ավտոլիցքավորման կայաններում (ԱԼԿ) մտցվում են վառելիքի վաճառքի սահմանափակումներ։
Կառավարությունն ու նավթային ընկերությունները քայլեր են ձեռնարկում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ։ Մասնավորապես, գործող ՆՎԶ-ներում ծանրաբեռնվածությունը հասցվել է առավելագույնի, կրճատվել են ընթացիկ նորոգումների ժամկետները, տեղափոխվել են պլանային նորոգումները, շուկա են ուղղվել նախկինում կուտակված վառելիքի պաշարները, իսկ նավթագործներն առավել ակտիվ են աշխատում մասնավոր ԱԼԿ-ների հետ ուղիղ պայմանագրերով։ Առաջնահերթ կարգով հաստատվել են գյուղատնտեսական արտադրողների համար վառելիքի մատակարարումների սեզոնային ժամանակացույցերը, ինչպես նաև վերահսկողության տակ է հյուսիսային մատակարարման ապահովումը։
Ապրիլին կառավարությունը սահմանել էր բենզինի արտահանման էմբարգո, որը գործում է մինչև հուլիսի վերջ։ Հուլիսի 8-ից արգելք է մտցվել նաև ՌԴ-ից դիզվառելիքի արտահանման վրա, որը նույնպես գործելու է մինչև հուլիսի վերջ։ Հունիսի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը գործում է երկրից ավիակերոսինի արտահանման արգելքը։
Միջոցառումներ են իրականացվել նաև Պետերբուրգի բորսայում. սահմանափակվել է նավթամթերքի բոլոր տեսակների գնի աճի քայլը, իջեցվել են բորսայական վաճառքի նորմատիվները՝ բենզինի մասով 15%-ից հասցվելով 10%-ի, իսկ դիզվառելիքի մասով՝ 16%-ից 10%-ի: Բորսայական համակարգը լրամշակվել է այնպես, որ վառելիքի բորսայական ծավալներն ուղղակիորեն գնան վերջնական սպառողներին՝ շղթայից դուրս մղելով վերավաճառողներին։
Նմանատիպ հոդվածներ
Apple-ի և Google-ի հարկումը կարող է թանկ արժենալ Եվրոպայի համար․ Թրամփը սպառնում է Եվրոպային
ԱՄՆ նախագահը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել եվրոպական այն պետությունների արտադրանքի նկատմամբ, որոնք թվային ծառայությո...
Մոսկվա–Գյումրի չվերթը վայրէջքից առաջ երկար մանևրել է Հայաստանի երկնքում
Ռուսական «Պոբեդա» ավիաընկերության՝ Մոսկվա–Գյումրի երթուղով կանոնավոր թռիչք իրականացնող օդանավը վայրէջքից առաջ մի քանի մա...
Պապոյանն այցելել է տարեկան 1100 տոննա ձուկ արտադրող ընկերություն
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գնացել է ձկնաբուծական բնագավառի առաջատար ձեռնարկություններից...
Թուրքիայի մաքսային համակարգում արդեն ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը
Թուրքական իշխանական «Sabah» թերթի կայքը հայտնում է, որ Թուրքիայի առևտրի նախարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների...