Ընտանեկան բռնության ենթարկվածներին առաջարկվում է ազատել պետական տուրքից. նախագիծ
Առաջարկվում է դատարաններում պետական տուրքի վճարումից ազատելու արտոնություններ նախատեսել ընտանեկան բռնության ենթարկված այն անձանց համար, որոնք հանդես են գալիս նախազգուշացումը կամ անհետաձգելի միջամտության որոշումը վերացնելու վերաբերյալ դատարանի վճիռների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներով, ամուսնալուծության վերաբերյալ, ծնողական իրավունքների իրականացման, ներառյալ երեխայի բնակության վայրը որոշելու, երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու, երեխայի հետ շփվելու, երեխայի խնամքին, դաստիարակությանն ու կրթությանը մասնակցելու վերաբերյալ, հայրությունը որոշելու վերաբերյալ, ծնողական իրավունքները սահմանափակելու կամ ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ հայցերով: Այս մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին՝ ներկայացնելով իր հեղինակած ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նա նշել է, որ հիմնականում ընտանեկան բռնության ենթարկվում են կանայք, իսկ վերոնշյալ հայցերի համար սահմանված պետական տուրքի չափը կարող է տատանվել 20-80 հազար դրամի սահմաններում:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Այն նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:





























