Գործազրկության թիվը նվազում է. ԱՍՄ նախարարի մամուլի քարտուղար

2024 թվականի տվյալներով՝ Հայաստանում 1 մլն 94 հազար մարդ դուրս է աշխատուժից: Աշխատուժից դուրս բնակչության մեջ ներառված են անձինք, ովքեր հետազոտվող ժամանակահատվածում չեն աշխատել և չեն փնտրել աշխատանք՝ չեն եղել զբաղված կամ գործազուրկ: Այս տվյալներն ամփոփված են ՀՀ վիճակագրական կոմիտեի «Աշխատանքի շուկան Հայաստանում-2025» հրապարակման մեջ։


Tertam-ը խոսել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ ծրագրեր են ներկայումս գործում աշխատուժից դուրս մնացած և գործազուրկ համարվող քաղաքացիների համար:


«Ամեն ամիս ՊԵԿ-ը հրապարակում է գրանցված աշխատատեղերի թիվը. դա մոտավորապես 5,000-6,000-ով ավելի է լինում՝ քան նախորդ ամսվանը: Սա ցույց է տալիս, որ աճող գրանցված աշխատատեղերի թվի հետ գործազրկության թիվը նվազում է»:


Անդրադառնալով աշխատունակությունից դուրս մնացածների համար նախատեսված իրականացվող ծրագրերին՝ Նվեր Կոստանյանը նշեց, որ այդպիսիք շատ են՝ մասնավորապես ՄՍԾ տարածքային կենտրոններում ուղղորդում են գրանցված և դիմող քաղաքացիներին՝ նրանց կապելով տարբեր գործատուների հետ, առաջարկում են տարբեր աշխատանքներ.


«Մենք հիմա ունենք անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիր, որոնց խրախուսում ենք դեպի ֆորմալ զբաղվածություն: Երբ որ իրենք ձեռք են բերում ֆորմալ զբաղվածություն՝ իրենց ողջ եկամտահարկը ուղղվում է իրենց վարկի մարմանը:


Վերջնարդյունքում նրանք ունենում են և ֆորմալ զբաղվածություն և մաքրում են իրենց ոչ բարենպաստ վարկային պատմությունը»:


Խոսելով քաղաքական բարեփոխումների մասին, որոնք կօգնեն հասարակությանն ավելի շատ ընդգրկել աշխատուժի մեջ՝ Նվեր Կոստանյանը նշեց, որ իրենց քաղաքականությունները հենց դրան են միտված:


«Մենք միտված ենք աշխատանքի գաղափարի խրախուսմանը, աշխատանքի միջոցով սեփական բարեկեցությունը հոգալուն: Ծրագրերն էլ ուղղված են աղքատության հաղթահարմանն ու բարեկեցության բարձրացմանը»:


Հիշեցնենք, որ սովորաբար աշխատուժից դուրս բնակչությանն են դասվում՝ առկա ուսուցմամբ սովորողները, ուսանողները, տնային տնտեսությամբ զբաղվածները, կենսաթոշակառուները և հաշմանդա­մություն ունեցող անձինք, երեխաներին, հիվանդ հարազատներին խնամողները, զանազան պատճառներով չաշխատող և աշխատանք չփնտրող այլ անձինք (սեփակա­նու­թյան օգտագործումից եկամուտ ստացողներ, պարտա­դիր ժամկետային զինծառայողներ և այլոք)։

Քաղաքականություն