Մինչև տարեվերջ կապամոնտաժվեն Սևանա լճի ափամերձ տարածքներում գտնվող ապօրինի կառուցված շինություններ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դեկտեմբերի 18-ին ընդունել է ժողովրդավարության և անվտանգության դպրոցի ունկնդիրներին: Այդ մասին հայտնում են դատախազության հանրային կապերի բաժնից:


Ներկայացնելով Սևանա լճի ափամերձ տարածքներում օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալության հանձնված գույքերը պետությանը վերադարձնելու ուղղությամբ Դատախազության աշխատանքները, Աննա Վարդապետյանը ընդգծել է, որ 2025 թվականի ընթացքում Շրջակա միջավայրի նախարարությանը և ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից հասցեագրվել է 5 միջնորդագիր: Միջնորդագրերից բացի, կատարված ուսումնասիրության արդյունքում, հանցագործության մասին հաղորդումներ են ուղարկվել նախաքննական մարմիններ, նախաձեռնվել են քրեական վարույթներ:


«Բացի այդ, Գեղարքունիքի մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում կատարված ուսումնասիրության հիման վրա՝ միջնորդագիր է հասցեագրվել Սևան համայնքին և ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր տարածքների 34 հողամասերում առկա ապօրինի կառուցված շենք-շինություններն ապամոնտաժելու և հողամասը նախկին տեսքին բերելու համար: Այս պահի դրությամբ ընթանում են ապամոնտաժման աշխատանքներ, մինչև տարեվերջ նախատեսվում է ապամոնտաժել Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր գտնվող տարածքներում տարբեր անձանց պատկանող՝ շուրջ տասը հողակտորներում ապօրինի կառուցված շինություններ»,- նշել է Աննա Վարդապետյանն ու հիշեցրել, որ միջնորդագրերի հիման վրա հարուցվել են վարչական վարույթներ, կայացվել է քանդման 23 որոշում:


Գլխավոր դատախազն ընդգծել է, որ ապամոնտաժման աշխատանքները փաստագրվում են, և այս տարեվերջին կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը Դատախազության կողմից կներկայացվի հանրությանը:


Անդրադառնալով պետական շահերի պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքներին՝ Աննա Վարդապետյանը նշել է, որ Դատախազությունը, 2025 թվականի հունվարի 1-ից առ այսօր, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, ինչպես նաև դատախազական ներգործության արդյունքում, պետությանը կամ համայնքին է վերադարձրել 174 միլիոն 545 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 66 միլիարդ 250 միլիոն դրամ արժեքով գույք, այդ թվում՝ 3 մանկապարտեզ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակներ, հողատարածքներ և դրամական միջոցներ:

Քաղաքականություն

Պատահարներ