Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո Եվրամիության առաջնորդները խաղադրույք կատարեցին Ադրբեջանի վրա

2022 թվականին Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո Եվրամիության առաջնորդները խաղադրույք կատարեցին Ադրբեջանի վրա՝ որպես էներգետիկ գործընկերոջ՝ ռուսաստանյան գազից կախվածությունը նվազեցնելու համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։


Քննադատներն ասում են, որ դրա արդյունքը դարձան Ադրբեջանում լայնածավալ բռնաճնշումները, իսկ ԵՄ-ն դավաճանեց իր սկզբունքները՝ չլուծելով գազի հետ կապված խնդիրները։ Այս տարվա մայիսին Տիրանայում Ալիևի և ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների ջերմ հանդիպման կադրերը վրդովեցրել են Ադրբեջանի նախագահի քննադատներին։


Դրանից մեկ ամիս առաջ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ժամանել էր Բաքու՝ մամուլի դեմ հետապնդումների ամենաթեժ պահին և երկրում ՄԱԿ-ի հիմնական ներկայացուցչությունների ու Կարմիր խաչի գրասենյակի փակվելուց անմիջապես հետո։


Երկու կողմերի հարաբերություններում նոր փուլ մեկնարկեց 2022-ի հուլիսին, երբ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ադրբեջանը հռչակեց «ռուսաստանյան հանածո վառելիքից հրաժարվելու ջանքերում առանցքային գործընկեր»։ Հաջորդ երեք տարիների ընթացքում Իլհամ Ալիևը հինգերորդ անգամ ընտրվեց նախագահ, իսկ նրա կառավարման ժամկետը գերազանցեց 21 տարին։


Նրա իշխանությունն ամրապնդեց ղարաբաղյան պատերազմում վերջնական հաղթանակը, որը հանգեցրեց տարածաշրջանի ողջ հայ բնակչության արտագաղթին։ Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը, իրավապաշտպանների գնահատականներով, հարյուրից հասել է ավելի քան 350-ի, իսկ անկախ լրագրողներին սկսել են բանտեր ուղարկել ամբողջ խմբագրություններով, ընդգծում է BBC-ն։


Բրյուսելը մերժում է այս քննադատությունը, բայց ի՞նչ հաղթաթղթեր կարող է ունենալ Բաքուն ԵՄ-ի հետ հարաբերություններում։

Քաղաքականություն