ՄԱԿ-ը՝ Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակման մասին

ՄԱԿ-ի քարտուղարությունը տեղյակ չէ՝ արդյո՞ք ԱՄՆ-ը ՄԱԿ-ին տեղեկացրել է Իրանին հարվածելու իր ծրագրերի մասին: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։


«Մենք տեղյակ չենք նման ծանուցման մասին»,- ասել է Դյուժարիկը համապատասխան հարցմանն ի պատասխան։


Հիշեցնենք՝ Իրանի խորհրդարանում հայտարարել են, որ Թեհրանը սպասում էր Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա հարձակմանը և, հետևաբար, տարհանում է իրականացրել. միջուկային օբյեկտին անդառնալի վնաս չի հասցվել։


Երկրի Ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարել է, որ Թեհրանը մտադիր չէ դադարեցնել իր միջուկային արդյունաբերության զարգացումը:


ԱՄՆ-ի հարձակումն արդեն իսկ հարուցել է միջազգային հանրության բացասական արձագանքը:


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դա որակել է տարածաշրջանում վտանգավոր սրացում և միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող ուղղակի սպառնալիք։