Ինչ օրակարգով է Փաշինյանը մեկնել Թուրքիա. ՔՊ պատգամավորը մանրամասնել է

Մենք փորձում ենք կառուցել հայ–թուրքական հարաբերությունները` հայ–ադրբեջանական հարաբերությունների կոնտեքստում. այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը` ի պատասխան վարչապետի` Թուրքիա կատարած այցի օրակարգին վերաբերող հարցի։


«Մենք պետք է հաշվի առնենք, որ Հայաստան–Թուրքիա հարաբերություններն ունեն կարևոր նշանակություն։ Մենք չենք կարող փոխել աշխարհագրությունը և պետք է մեր հարևանների հետ ունենանք բարիդրացիական հարաբերություններ, որոնք հնարավորություն կտան այս փոփոխվող աշխարհում ձևավորել այնպիսի միջավայր, որը թույլ կտա երկարատև և կայուն խաղաղություն բերել տարածաշրջանում»,– ասել է Վարդանյանը` ի պատասխան Ադրբեջանի նախագահի հետ Թուրքիայում հնարավոր հանդիպման և ինչ–որ փաստաթղթի ստորագրման հավանականության մասին հարցադրման։


Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կեսօրին մեկնել է Թուրքիա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Ռեջեբ Թաիփ Էրդողանի հետ։ Այցի օրակարգին վերաբերող այլ հարցերը մինչ այս պահը գաղտնի են պահվում։