ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել 1,15 տրիլիոն դոլարի պաշտպանական բյուջեի նախագծին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 1,15 տրիլիոն դոլար արժողությամբ պաշտպանական քաղաքականության մասին օրինագիծը, հայտնում է The Washington Post-ը։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 216, դեմ՝ 212 կոնգրեսական։
Միաժամանակ Կոնգրեսի ստորին պալատը առաջ է մղել նաև 95 միլիարդ դոլարի բյուջետային բանաձևը։ Այն նախատեսում է 73 միլիարդ դոլարի լրացուցիչ ֆինանսավորում Պենտագոնի և հատուկ ծառայությունների համար՝ Իրանի դեմ պատերազմի ծախսերը հոգալու նպատակով, 12 միլիարդ դոլար՝ ֆերմերներին աջակցելու, ինչպես նաև 10 միլիարդ դոլար՝ ընտրությունների հետ կապված միջոցառումների համար։
Նախագիծն ընդունվել է նվազագույն առավելությամբ՝ 216 կողմ և 214 դեմ ձայների հարաբերակցությամբ՝ առանց Դեմոկրատական կուսակցության աջակցության։
The Washington Post-ի փոխանցմամբ՝ երկու նախաձեռնություններն էլ Սենատում լուրջ դիմադրության են հանդիպում։ Դեմոկրատները քննադատում են նախագծերը, քանի որ դրանք չեն ներառում Մերձավոր Արևելքում Դոնալդ Թրամփի վարչակազմի ռազմական գործողությունները սահմանափակող մեխանիզմներ։ Միաժամանակ ֆինանսական խիստ քաղաքականության կողմնակից հանրապետականները դժգոհ են, որ նոր ծախսերը փակելու համար բյուջեի այլ հոդվածների կրճատումներ չեն նախատեսվում։
Սենատի հատկացումների հանձնաժողովում լսումների ժամանակ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ մինչև սեպտեմբերի վերջ Իրանի դեմ պատերազմի վրա ԱՄՆ-ի ծախսերը կարող են հասնել շուրջ 37,5 միլիարդ դոլարի։
Նրա խոսքով՝ եթե միջոցները շտապ կարգով չհատկացվեն, ապա արդեն առաջիկա շաբաթներին ԱՄՆ ռազմածովային և ռազմաօդային ուժերը կարող են բախվել բյուջետային միջոցների սուր պակասի։