Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փեզեշքիանի և Նեթանյահուի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Իսրայելի Պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։


Ռուսաստանի նախագահը ցավակցություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին՝ Իսրայելի հարվածների հետևանքով բազմաթիվ զոհերի, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, կապակցությամբ։


Վլադիմիր Պուտինը ընդգծել է, որ Ռուսաստանը դատապարտում է Իսրայելի գործողությունները, որոնք խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքը։ Ռուսական կողմը լիովին աջակցել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերին և առաջ է քաշել փոխադարձաբար ընդունելի համաձայնագրեր գտնելու ուղղությամբ կոնկրետ նախաձեռնություններ։ Ռուսաստանը շարունակելու է նպաստել Իրանի և Իսրայելի միջև հակամարտության լիցքաթափմանը։


Իսրայելի վարչապետի հետ զրույցում Ռուսաստանի նախագահը ընդգծել է բանակցային գործընթացին վերադառնալու և Իրանի միջուկային ծրագրին վերաբերող բոլոր հարցերը բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով լուծելու կարևորությունը, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել միջնորդական ծառայություններ մատուցել՝ լարվածության հետագա սրումը կանխելու համար։


Համաձայնություն է ձեռք բերվել, որ ռուսական կողմը կշարունակի սերտ շփումները ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի ղեկավարության հետ՝ ուղղված ստեղծված իրավիճակի կարգավորմանը, որը հղի է ամբողջ տարածաշրջանի համար ամենաաղետալի հետևանքներով։


Հիշեցնեք՝ հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։ Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։