Զոհեր և վիրավորներ Եմենում՝ ԱՄՆ-ի հարձակման հետևանքով

ԱՄՆ ռազմական օդանավերն ապրիլի 8-ի երեկոյան մի շարք ավիահարվածներ են հասցրել Եմենի Հոդեյդայի նահանգի Մուկբիլ քաղաքի բնակելի թաղամասին: Այս մասին հաղորդում է հութիների Al Masirah հեռուստաալիքը։


Առողջապահության նախարարության տեղեկություններով, զոհերի թիվը հասել է 6-ի, վիրավորվել է ևս 16 մարդ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ։


Զգալի վնաս է հասցվել բնակելի տներին: Քաղաքացիական պաշտպանության խմբերն անմիջապես շարժվել են դեպքի վայր՝ փլատակներից տուժածներին փրկելու և ամերիկյան ռմբակոծության հետևանքով բռնկված խոշոր հրդեհները մարելու համար։


ԱՄՆ ռազմական օդանավերը Ջաբալ ալ-Շամհի շրջանում երեք գրոհով թիրախավորել են Բադան թաղամասի կապի ցանցը։ Եվս 10 օդային հարվածների թիրախ է դարձել Նուկում լեռը, որը գտնվում է մայրաքաղաք Սանայից դեպի արևելք։


ԱՄՆ-ն նաև օդային մի քանի հարվածներ է հասցրել Եմենի տարբեր շրջանների կապի ցանցերին, ինչպես նաև թիրախավորել Դամար քաղաքից արևմուտք գտնվող մի շարք ֆերմաներ, ինչի հետևանքով 3 մարդ է վիրավորվել։


ԱՄՆ-ն մարտի 15-ից ի վեր՝ ամենօրյա հարձակումներ է իրականացնում Եմենի վրա այն բանից հետո, երբ հութիները մարտի 12-ին սպառնացել էին վերսկսել հարձակումները Կարմիր ծովում Իսրայելի հետ առնչվող նավերի վրա: Հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ: