Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է
Ամերիկացի հայտնի դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Դերասանը հիշում է, որ տուն է վերադարձել «ոչնչի» համար, քանի որ ավերիչ անտառային հրդեհները շարունակում են մոլեգնել Լոս Անջելեսում։
Նրա խոսքով՝ տունը, որտեղ ապրել է մոտ 15 տարի, ամբողջությամբ այրվել է անտառային հրդեհի ժամանակ։ «Դա հուզականորեն կործանարար էր: Ես երկար ժամանակ ապրել եմ այնտեղ: Իմ իրերը այնտեղ էին, և այժմ ես այնտեղից ոչինչ չունեմ, քանի որ դրանք բոլորը վերածվել են մոխրի», - ասել է Գիբսոնը News Nation-ին:
Երբ նա վերադարձել է, տեսել է, որ իր տունը մոխրացած է,սակայն ի ուրախություն նրա հայտնաբերել է, որ իր հավերը փրկվել են հրդեհից: Գիբսոնը և նրա կինը ջուր և սնունդ են տվել կենդանիներին։ «Ուրախ ենք, որ շարունակում են ձու ածել և չեն վերածվել տապակած հավերի»,- կատակել է նա։
Նա նշել է, որ դեռ հստակ չգիտի, թե ինչ է անելու դեպքի հետ կապված, սակայն հնարավոր է, որ ապահովագրական վճարներն օգտագործի տունը վերականգնելու համար։ Գիբսոնը նաև հավելել է, որ հրդեհից ավերվել են նաև իր հարևանների տները՝ ենթադրելով, որ դերասան Էդ Հարիսի տունը նույնպես ավերվել է տարերքի պատճառով։