Որտեղո՞վ քայլել. Նոր Նորքի բնակիչները զրկվել են մայթից

Գրեթե բոլոր ժամանակներում մեր քաղաքում շինարարության, վերակառուցման կամ ինչ որ բան քանդելու որոշումների վեբարյալ լուրջ խնդիրներ են ծագել:


Սթափ դատելով՝ հաճախ է հարց առաջանում, այս կամ այն որոշումը կայացնելիս տվյալ պահին ինչ սկզբունքներով է առաջանորդվում կնիքը դնող չինովնիկը:


Նոյեմբերի 29-ին ՖԲ օգտատեր Էդուարդ Հարումյանն ահազանգեց. Նոր Նորքի 2-րդ զանգվածի Նվեր Սաֆարյան փողոցի մայթը փակել են, շինարարություն են անում: Նա նաև հարցում էր ուղարկել Նոր Նորք վարչական շրջան, որտեղից ստացվել էր խիստ տարակուսելի պատասխան:


Մասնավորապես, Նվեր Սաֆարյան փողոցի մայթը սեփականաշնորհված է և հանդիսանում է Ավանգարդ մոթորսի սեփականությունը: Auroranews-ը եղավ տեղում, իսկ նկարահանման ժամանակ մեզ մոտեցավ մի քաղաքացի: Մեր տեսախիցիկը ֆիքսեց, թե մարդիկ ինչպես են ստիպված, անցնում երթևեկելի մասով՝ վտանգելով իրենց կյանքը շրջանցելով մշտապես մայթ եղած հատվածը:


Նոյեմբերի 21-ի կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ վրդովվել էր և հայտարարել. «Տասնյակ տարիներով քանդած, բառիս բուն իմաստով ավերակ, ճանապարհը, մայթը կառուցում ենք, վերականգնում ենք։ Հետո ասում ես՝ գնամ, տեսնեմ մարդիկ այդ ճանապարհից օգտվո՞ւմ են։ Գնում ես, ինչ ես տեսնում՝ մեկը բերել մի ավտո ավազ է թափել մայթին, են մեկը քար է շարել մայթի վրա, երրորդը ասֆալտի վրա բետոն է անում։ Էդ մարդուն, որ ասես՝ էս ի՞նչ ես անում, կնայի, կասի՝ ի՞նչ եմ անում որ։ Ասֆալտի վրա բետոն է անում, հետո այդ բետոնի մնացորդի կեսը մնում է ճանապարհին, մայթին, գծանշման վրա»։


Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի նոյմեբրի 21-ի շեշտադրումը ակնկալում ենք, որ այս խնդրի շուրջ պետության ղեկավարի արձագանքը կլինի համարժեք: Միևնույն ժամանակ Auroranews-ը հարցում է ուղարկել քաղաքապետերան.


Մեզ հստակ պատասխան էր անհրաժեշտ, թե երբ է սեփականաշնորհվել մայթը, ով է նման որոշում կայացրել և ինչ փաստաթղթերի հիման վրա:


Անհրաժեշտ էր հասկանալ նաև՝ ինչ է կառուցվելու մայթի հաշվին: Եթե սեփականաշնորհվել է, ինչու՞ հարց չի առաջացել, թե այդ հատվածով ինչպես են մարդիկ տեղաշարժվելու:


Քաղաքպետարանից Auroranews-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին. «նշված տարածքում, սեփական հողի վրա 2024թ նոյեմբերի 6-ի որոշմումով 24 ամիս ժամկետով «Ավանգարդ մոթորս» ընկերությանը տրվել է շինարարության թույլտվություն՝ ցուցասրահ, ավտոկայանատեղի և գրասենյակ կառուցելու նպատակով: Ըստ շինհրապարակների կահավորման պարտադիր նորմերի՝ շինհրապարակը սահմանազատելու ընթացքում կառուցապատողը պարտավոր է ապահովել հետիոտնի անցուդարձի համար ժամանակավոր առանձնացված անցուղի: Երբ շինհրապարակը բերվի ավարտական տեսքի և այդ հատվածում բացակայի անցուղին, օրենքով սահմանված կարգով այդ մասին կտեղեկացվի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանմանը՝ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու համար: Քանի դեռ շինհրապարակը վերջնական կահավորված չէ, հնարավոր չէ հստակ ասել, կլինի արդյոք վարչական պատասխանատվության միջոցների դիմելու անհրաժեշտություն, թե ոչ»:


Իսկ մինչ այդ մարդիկ վտանգելով իրենց առողջությունը շարունակում են ուղիներ փնտրել բանուկ տրանսպորտային հանգույցը շրջանցելու համար: