Քաղաքականություն

Հայաստանը կարող է կորցնել երկաթուղային պատմական հնարավորությունը․ Փաշինյան

Հայաստանը կարող է կորցնել երկաթուղային պատմական հնարավորությունը․ Փաշինյան
Հայաստանը կանգնած է միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրվելու պատմական հնարավորությունը կորցնելու վտանգի առաջ՝ Հայաստանի երկաթուղին ռուսական կառավարման ներքո գտնվելու պատճառով։ Այս մասին Ազգային…

Հայաստանը կանգնած է միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրվելու պատմական հնարավորությունը կորցնելու վտանգի առաջ՝ Հայաստանի երկաթուղին ռուսական կառավարման ներքո գտնվելու պատճառով։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Նա հիշեցրել է, որ երկաթուղին Հայաստանի սեփականությունն է, սակայն գտնվում է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կառավարման ներքո։


Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը հարգանքով է վերաբերվում Ռուսաստանին և նրա շահերին, սակայն չի կարող իրեն թույլ տալ կորցնել ստեղծված հնարավորությունը։ Նա ՌԴ գործընկերներին կոչ է արել ճկունություն ցուցաբերել և կոնցեսիայի իրավունքը վաճառել Հայաստանի ու Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի։


Վարչապետը հայտնել է, որ TRIPP նախագծով հետաքրքրված միջազգային ներդրողները Երասխ-Ախուրիկ երկաթուղային հատվածը շրջանցելու տարբերակներ են դիտարկում։ Մասնավորապես, քննարկվում են սխեմաներ, որոնց դեպքում Նռնաձոր-Ագարակ հատվածով Նախիջևան մտնող բեռները դեպի արևմուտք կշարժվեն՝ շրջանցելով Հայաստանի երկաթուղին։


Փաշինյանի գնահատմամբ՝ նման սցենարի դեպքում Հայաստանը կարող է կորցնել զգալի եկամուտներ, ներդրումներ, աշխատատեղեր և զարգացման հնարավորություններ։


Նրա խոսքով՝ միջազգային ներդրողների և բեռնափոխադրողների մտահոգության պատճառը Ռուսաստանի և Արևմուտքի բարդ հարաբերություններն ու ՌԴ-ի նկատմամբ գործող պատժամիջոցներն են։ Դրանք Հայաստանի երկաթուղու՝ ռուսական կառավարման ներքո գտնվելը միջազգային բիզնեսի համար ռիսկային գործոն են դարձնում։


Փաշինյանը միաժամանակ ընդգծել է, որ Հայաստանը որևէ առնչություն չունի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հետ, իսկ մինչ այժմ երկաթուղու ռուսական կառավարման հանգամանքը Հայաստանի համար խնդիր չի եղել։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250