Երբ միսը դառնում է «ական». ներում-բեկում չպետք է լինի

Երևանի Մովսես Խորանցու փողոցում գտնվող հայտնի մսի խանութներում տարիներ շարունակ վաճառվում է առողջության համար վտանգավոր` անհայտ ծագման միս, որը չի ենթարկվում որևէ ստուգման: Չմտածելով հետևանքների մասին, բազմաթիվ մարդիկ մի քանի «կոպեկ» ավելի էժան միսը գնելով «ական են դնում» իրենց, իրենց երեխաների, բարեկամների` ժողովրդի լեզվով ասած օջախներում:


Ամենացավալին այն է, որ սրա մասին տեղյակ են եղել բոլորը` մասնավորապես ՍԱՏՄ-ն, քաղաքային իշխանությունները, կառավարությունը: Այսօր, անհայտ ծագման միսն առգրավվեց, ինչի արդյունքում ծեծկռտուք սկսվեց մսավաճառների և ոստիկանների միջև: Տարակուսելի է, որ մեր երկրում կան մարդիկ, ովքեր փորձում են պաշտպանել ոչ սպանդանոցում մորթված կենդանիների միս վաճառողներին, նշելով, որ մարդիկ ընտանիք են պահում, իրենց երեխաների օրվա հացի խնդիր են լուծում: Ինչ ասել է երեխաների հացի խնդիր են լուծում: Նույն սկզբունքով այս պատրվակը կարող են շահարկել նաև թմրանյութ վաճառողները, որոնք ևս գիտակցաբար վտանգում են այլոց կյանքը: Այս թեզը պետք է ուղղակի վերացնել մեր խոսույթից, իսկ հասարակությանը վտանգ սպառնացող յուրաքանչյուր երևույթի նկատմամբ չպետք է լինի այսպես ասած ներում` բեկում: Խորենացու փողոցում գտնվող խանութների բազմաթիվ մսավաճառներ փաստացի վտանգում են այլոց, այլոց երեխաների կյանքը ու համարձակվում ընդզվել, հարվածել ոստիկաններին:


Նրանք տարրեր են, որոնք վտանգավոր են առողջ հասարակության համար: Կարծում ենք անառարկելի է, որ առողջության համար վտանգ ներկայացնող ցանկացած ոք ուղղակի պետք է մեկուսացվի օրենքի տառին համապատասխան:


Արդյոք տեսչական մարմնի այսօրվա գործողությունները համարժեք էին: Բնավ ոչ: Ընթերցողների և հասարակության անունից պահանջում ենք, որ իշխանությունները ամենակոշտ եղանակով վերջապես արմատախիլ անեն արատավոր այս երևույթը, քրեական պատասխանատվության ենթարկեն մեղավորներին: Պարզապես չենք ցանկանում հավատալ, որ պատկան մարմինները չունեն համարձակություն և ռեսուրս ստերիլիզացնելու հակահիգիենիկ և առողջության համար վտանգավոր միջավայրը:


Քաղաքականություն