Քաղաքականություն

Փաշինյանը ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցով ժամկետ է նշել

Փաշինյանը ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցով ժամկետ է նշել
ՀՀ ժողովրդի համախմբումը Իրական Հայաստանի գաղափարախոսության շուրջ մեզ հիմք է տալիս համոզված լինելու, որ մենք այլևս չենք մտնի փակուղի: Այս մասին իններորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի շրջանակում…

ՀՀ ժողովրդի համախմբումը Իրական Հայաստանի գաղափարախոսության շուրջ մեզ հիմք է տալիս համոզված լինելու, որ մենք այլևս չենք մտնի փակուղի: Այս մասին իններորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի շրջանակում Կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը ներկայացնելիս իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 


Նրա խոսքով՝ հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունը դարձավ այն առանցքային գործիքներից մեկը, որը թույլ տվեց կայունացնել Հայաստանի արտաքին միջավայրը, և Կառավարությունը ոչ միայն շարունակելու է հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունը, այլև այն որդեգրում է որպես արտաքին քաղաքական ռազմավարություն, որի առանցքային խնդիրը արտաքին հարաբերությունների մեջ անհամաչափություններ թույլ չտալն է կամ անհամաչափությունները հավասարակշռելու գործիք ունենալը: 


«Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության մեջ առանցքային դեր ունի տարածաշրջանացումը, որի նպատակը սեփական միջավայրում, առանց արտաքին օգնության ապրելը ՀՀ-ի համար հնարավոր դարձնելը:


Այս իմաստով հարաբերությունների հետագա զարգացումը Վրաստանի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի հետ ունի կարևոր նշանակություն»,- ասաց վարչապետը:


Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները գտնվում են վերընթաց վիճակում, իսկ վերջին տարիներին ՀՀ-ն ռազմավարական հարաբերություններ է հաստատել Վրաստանի, Ֆրանսիայի, Չինաստանի, Նիդերլանդների, Ղազախստանի, Լյուքսեմբուրգի, Միացյալ Թագավորության, Բուլղարիայի, Լիտվայի, Խորվաթիայի հետ: 


«ԵՄ-ի հետ մեր գործընկերության ռազմավարական օրակարգն իրացվում է տեսանելի տեմպերով: Նախորդ տարի ԱԺ-ի կողմից ընդունված Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը նոր թափ տվեց այդ գործընթացին: 2026-ի մայիսին Երևանում տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, ապա Հայաստան-ԵՄ 1-ին գագաթնաժողովը»,- նշեց վարչապետը՝ ընդգծելով՝ ՀՀ-ն այսօր միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն վիզաների ազատականացման ակտիվ բանակցություններ է վարում: 


«Մենք մտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029 թվականի ընթացքում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով՝ գաղտնիք չի բացի՝ ասելով, որ ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների մերձեցումը որոշակի մտավախություններ է առաջացրել ՌԴ-ում: 


«Իմ կարծիքով՝ ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների զարգացումը իրականում առիթ է տվել դրան և դրա խորքային պատճառը չէ, իսկ Ռուսաստանում առաջացած մտահոգությունների հիմնարար պատճառը այն տրանսֆորմացիան է, որը սկսվել է ՀՀ-ՌԴ հարաբերություններում: Ընդ որում՝ այդ տրանսֆորմացիան ոչ թե ինչ-որ մեկի քմահաճույքն է, այլ մեծ հաշվով՝ բնական գործընթաց: Մի բան է, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունը հակամարտության պայմաններում և բոլորովին այլ բան այն պայմաններում, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված»,- ասավ վարչապետը:


Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, հավելեց՝ լարվածություն ընդհանրապես չկա: 


«Հեռանկարը դրական է»,- հայտարարեց վարչապետը: 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250