Հասարակություն Կարևոր

Հանցագործություն պետության դեմ. ինչու են աղմկում վարորդները

Davit Jalalyan 815 դիտում
Հանցագործություն պետության դեմ. ինչու են աղմկում վարորդները

Այսօր առավոտվանից քաղաքային տրանսպորտի աշխատանքը կաթվածահար արած վարորդները դժգոհ են վարձատրությունից և պահանջում են աշխատավարձի բարձրացում: Աշխատանքի պայմաններից դժգոհելն ինչ-խոսք նորմալ երևույթ է, որն օբյեկտիվորեն կարող է դառնալ նաև տարատեսակ ակցիաների միջոցով բողոքն արտահայտելու առիթ, բայց... Վարորդների այսպես կոչված սաբոտաժն ի ցույց բերեց բավական ցավալի մի իրողություն, որի արմատները տարիներ շարունակ խորացել են:


Ըստ Երևանի քաղաքապետարանի այսօր վարորդները ստանում են մրցակցային աշխատավարձ` 15 օրվա համար 200-400 հազար դրամ: Բայց արի ու տես, որ աշխատավարձի այս չափը ըստ երեւույթի ծանր ֆինանսական հարված է հասցրել մեր վարորդներին: Ավելի ստույգ, վճարման նոր համակարգի ի հայտ գալուց հետո վարորդների եկամուտը նվազել է և հիմա նրանք պահանջում են 15 օրվա համար 500-550 հազար դրամ աշխատավարձ: Բողոքի ակցիային միացած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն այսօր հայտարարեց, որ մինչև վճարային նոր համակարգի գործարկվելը վարորդներն ուղեվարձն առձեռն ստանալու պայմաններում օրական 5-6 հազար դրամ ստվերային եկամուտ են ունեցել:


Ստվերային եկամուտի մասին բարձրաձայնում են նաև վարորդները, որոնք անթաքույց հայտարարում են, որ զրկվել են փողից: Եթե ավելի պարզ խոսենք և իրերն իրենց անուններով կոչենք կստացվի, որ մեր հայրենակիցներն այսօր բողոքում են պետությունից, բյուջեից գումար շորթելու հնարավորությունից զրկվելու համար:


Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը հայտարարեց, որ տրանսպորտային համակարգի ստվերային բյուջեն կազմել է օրական 5 միլիոն դրամ: Փաստորեն մեկ տարվա ընթացքում պետությունից գողացվել է 1 միլիարդ 825 միլիոն դրամ: Կլորիկ մի գումար, որը կարող էր մեր քաղաքն էլ ավելի լավը դարձնել: Սա համակարգված կոռուպցիոն հանցագործություն է պետության դեմ, որը չգիտես ինչու միայն հիմա է փորձ արվում կանխելու: Ու փոխարենը հանցագործության մասնակիցները քրեական պատասխանատվության եթնարկվեն, 15 օրվա համար 200-400 հազար դրամ ստացող վարորդները գործադուլ և բողոքի ակցիա են իրականացնում: Նշենք, որ սա տեղի է ունենում մի երկրում, որտեղ կան բժիշկներ, դասախոսներ և գիտաշխատողներ, որոնք ամսական մի քանի տասնյակ հազար դրամ աշխատավարձ են ստանում: Սա ոչ թե պարադոքսալ այլ ամոթալի երևույթ է հայ հասարակության համար:


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250