Սունդուկյանի թատրոնի տնօրենը «Գոյի» բանալին չտվեց․ նոր մանրամասներ

Երևանի «Գոյ» թատրոնի աշխատակիցները չկարողացան մուտք գործել թատրոն, քանի որ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը նրանց չտվեց մուտքի բանալին և հայտարարեց` նրանց հետ խոսելու բան չունի։


«Գոյ» թատրոնի աշխատակիցները զանգահարեցին ՆԳՆ ոստիկանություն, որպեսզի ոստիկաններ ուղարկեն և նրանց օրինական մուտքն ապահովեն։ Այս պահին ոստիկանության աշխատակիցները Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ներսում են, հասկանալու համար իրավիճակը։


Նշենք, որ հոկտեմբերի 2-ին «Գոյը» հայտարարեց, որ նոյեմբերի 4-ից վերսկսելու է իր բնականոն աշխատանքը, քանի որ ՀՀ արդարադատության նախարարությունը փաստել է, որ 9 ամիս շարունակ ապօրինաբար դադարեցվել է «Գոյ» թատրոնի գործունեությունը: Այսօր «Գոյ» թատրոնի աշխատակիցներն ասուլիս էին հրավիրել, որը Սունդուկյանի թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի առաջարկով պետք է անցկացվեր թատրոնի մամուլի կենտրոնում, սակայն երբ Մկրտչյանը սկսեց խնդրի վերաբերյալ իր տեսակետները հայտնել, «Գոյ» թատրոնի աշխատակիցները բոյկոտեցին ու դուրս եկան դահլիճից։


«Գոյ» թատրոնը դիմել էր արդարադատության նախարարությանը՝ իրավական պարզաբանում խնդրելով Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի կապակցությամբ, որով Վարչական դատարանում վիճարկել է Պետռեգիստրում «Գոյի» գրանցումն անվավեր ճանաչելու որոշումը։ Իսկ վիճարկման հայցի դեպքում վարչական ակտից բխող գործողությունները կասեցվում են։


Մինչդեռ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի իրավաբան Արմինե Մելքումյանը նշեց, որ արդարադատության նախարարությունից «Գոյ» թատրոնի փաստաբանին հայտնել են, որ նախարարությունը լիազորված չէ մեկնաբանելու դատական վեճի առարկա որևէ վարչական ակտ կամ գնահատական տալ թե այս կամ այն պահանջի ներկայացման պայմաններում արդյոք կասեցվել է այս կամ այն իրավունքի իրացումը։ Շեշտվել է, որ արդարադատությունը իրականացնում է միայն դատարանը` ՀՀ սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, և արդարադատության իրականացման որևէ միջամտություն արգելվում է։


Իրավաբանի խոսքով` արդարադատության նախարարությունը Պետռեգիստրում «Գոյի» գրանցումն անվավեր ճանաչելու որոշման մասին Վարչական դատարան ներկայացված հայցը ոչ թե վիճարկման է դիտարկել, այլ ճանաչման, և խոսք չի կարող լինել որոշումն անվավեր ճանաչելու մասին։ Նա ընդգծեց, որ նախարարությունը փաստացի չէր կարող տալ այնպիսի գրություն, որ նրանք կարող են վերսկսել իրենց գործունեությունը։


«Գոյ» թատրոնի փաստաբան Կարո Ասատրյանն էլ նշեց, որ իրենց ներկայացված հայցը եղել է վիճարկման հայցի տրամաբանությամբ, և արդարադատության նախարարության գրության մեջ առկա հատվածը, թե իրենց հայցը «ճանաչման է», հավանաբար վրիպակ է, քանի որ նախարարությունը հղում է արել «Դատալեքս» համակարգում առկա տեղեկատվությանը, որն էլ խափանումներով է աշխատում և կարող է նման թյուրիմացության տեղիք տալ։


«Մենք վարչական դատարանին մեր պահանջը հստակ ներկայացրել ենք, որ կասեցվի Պետռեգիստրում «Գոյի» գրանցումն անվավեր ճանաչելու որոշումը և ոչ իրավաչափ ճանաչվի ԿԳՄՍՆ–ի որոշումները, որոնք բխում են կառավարության որոշումից»,– ասաց նա։


Հիշեցնենք` «Գոյը» Սունդուկյանի անվան թատրոնին միացնելու որոշման նախագիծը ներկայացրել էր ԿԳՄՍ նախարարությունը` որպես հիմք նշելով, որ «Գոյ» կենտրոնը 2022թ․ 3 մլն 436 հազար 990 դրամով թերի է կատարել տարեկան ֆինանսական պլանը: Բացի այդ, հրավիրված բեմադրիչների կողմից ներկայացումներ չեն բեմադրվել, կենտրոնը չի համագործակցել ԿԳՄՍ նախարարության հետ և այլն:

Քաղաքականություն