Ինչ փուլերով է անցնելու ՀՀ-ն ԵՄ վիզաների ազատականացման ճանապարհին․ մանրամասներ
Հայաստանը և Եվրոպական Միությունը 2025 թվականի սեպտեմբերի 9-ին հայտարարեցին ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի մասին։ Թեմայի շուրջ հանրային քննարկումները հիմնականում այն մասին են, թե, ի վերջո, Հայաստանի քաղաքացիները երբ են կարողանալու ազատ ճամփորդել դեպի Եվրամիության անդամ երկրներ, մասնագիտական քննարկումներ գրեթե չկան, կամ, կարելի է ասել, մղված են երկրորդ պլան։ Առավել հաճախ տարբեր գործիչների կողմից հնչում են գործընթացի վերաբերյալ քաղաքական գնահատականներ, որոնք կարող են մարդկանց մի մեծ հատվածի մոտ առաջացնել չարդարացված ակնկալիքներ ժամկետների առումով։
ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի, առաջիկա զարգացումների, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների դեսպանություններում վերջին շրջանում վիզա ստանալու համար գոյացած հերթերի վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի հետ։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը պատասխանելով հարցին թե որքան ժամանակ է պահանջվելու այս գործընթացն ավարտին հասցնելու համար, ասել է.
«Առաջիկա ամիսներին մենք եվրոպացի գործընկերների հետ կենտրոնանալու ենք այդ աշխատանքի վրա։ Լինելու են բազմաթիվ այցելություններ, քննարկումներ, որոնց արդյունքում Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին է ներկայացնելու վիզաների ազատականացման գործողության ծրագիրը։ Անշուշտ, այս փաստաթուղթը համատեղ է մշակվելու, բայց ֆորմալ իմաստով այն Եվրոպական հանձնաժողովը պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետությանը։ Մենք այս պահին, բնականաբար, դեռևս չգիտենք վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի ամբողջական բովանդակությունը, բայց, ուսումնասիրելով այլ երկրների փորձը, որոնք անցել են այս ճանապարհը, կարող ենք առանձնացնել 4 հիմնական բլոկ, որոնց շուրջ պետք է տեղի ունենա երկխոսությունը։ Առաջինը տվյալների պաշտպանության, այդ թվում՝ բիոմետրիկ տվյալների պաշտպանության և փաստաթղթերի անվտանգության բլոկն է, երկրորդը միգրացիայի կառավարման և ապաստանի ու սահմանների կառավարման բլոկն է, երրորդը հանրային անվտանգության և հանցավորության դեմ պայքարի բլոկն է, իսկ չորրորդ բլոկն առնչվում է հիմնարար ազատություններին և, այսպես ասած, արտաքին չափմանը։ Ժամանակային ասպեկտի առումով կարող եմ նշել, որ ամենակարճ ժամանակներում վիզաների ազատականացման գործողությունների ծրագրերը իրականացրել են Մոլդովան և Վրաստանը։ Մոլդովայի դեպքում պահանջվել է 4 տարուց ավելի ժամանակ, Վրաստանի դեպքում՝ 5 տարի»։
Թղթակցի այն հարցին կա կարծիք, որ վիզաների ազատականացման դեպքում Հայաստանից արտագաղթի մեծ հոսք կլինի դեպի Եվրոպա, ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն նշել է.
«Իրավիճակը հետևյալն է, մենք կարող է սխալ պատկերացնենք, թե ինչ է նշանակում վիզաների ազատականացում։ Վիզաների ազատականացում նշանակում է միայն մեկ տեսակի վիզայի պահանջի վերացում։ Խոսքը կարճաժամկետ այցելության վիզայի մասին է, որը նշանակում է 1 տարվա ընթացքում յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում 90 օր Շենգեն գոտու տարածքում գտնվելու հնարավորություն։ Այսինքն՝ դա չի ենթադրում աշխատելու, ուսման հնարավորություններ»։
Նմանատիպ հոդվածներ
Արմավիրում գրանցվել է առաջին ցրտահարությունը
Շաբաթվա ընթացքում որոշ լեռնային շրջաններում շարունակվել է հնդավորների, կաղամբի և կարտոֆիլի բերքահավաքը:Լեռնային շրջաններ...
Հայտնի է զոհված զինվորների դիմանկարները ներկած կնոջ խափանման միջոցը
Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները և հարակից գրառումները ներկել...
Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել
Այսօր, սոց ցանցերում մեր քաղաքացիները մետրոյի ուղևորափոխադրումների վերաբերյալ հրապարակումներ են անում և իրենց դժգոհությո...
Ռուբլին ռեկորդային էժանացել է. փոխարժեքն այսօր
Rate.am-ում հոկտեմբերի 27-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 386 դրա...