3 ամյա Տիգրանի ծնողներին իրավունքից զրկելու հարցը օրակարգում չէ
3-ամյա Տիգրանի ծնողներին ծնողական իրավունքներից զրկելու հարցը դեռևս օրակարգում չէ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը։
Նրա խոսքով՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ Ճամբարակ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի ընդլայնված նիստ է հրավիրվել, որտեղ քննարկվել են բռնության զոհ դարձած փոքրիկ Տիգրանի ընտանիքին առնչվող հարցեր։ Քննարկման հիմնական թեման եղել է ընտանիքի մյուս երեխաների խնամակալության կազմակերպումը։
Արդյունքում երեխաները տեղափոխվել են ՀՕՖ երեխաների պաշտպանության կենտրոն։ Գալոյանը նշել է, որ նիստի ընթացքում հանդիպել են նաև Տիգրանի մոր հետ, լսել նրա կարծիքը և հնարավորություն տվել տեսակցել երեխաների հետ։
«Մայրը համաձայնեց մեր որոշման հետ և մեր ուղեկցությամբ այցելեց կենտրոն՝ երեխաներին տեսնելու։ Նա ստացել է նաև այն մասնագետի հեռախոսահամարը, որը ներկայումս աշխատում է երեխաների հետ»,- ասել է Գալոյանը։
Նրա խոսքով՝ մասնագետները նախ պետք է օգնեն երեխաներին հաղթահարել ստացած սթրեսը, և միայն դրանից հետո կքննարկվի նրանց վերադարձի հնարավորությունը։
«Դեռևս ծնողներին ծնողական իրավունքներից զրկելու հարցը օրակարգում չէ»,– ընդգծել է Գալոյանը։





























