Ամենաբարձր դասի բռնկում՝ Արեգակի վրա
Գիտնականները հոկտեմբերի 9-ից ի վեր առաջին անգամ Արեգակի վրա ամենաբարձր X դասի նոր բռնկում են գրանցել: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից:
Հոկտեմբերի 24 -ին՝ Երևանի ժամանակով ժամը 07:57-ին, ռենտգենյան տիրույթում 3869 (S16E76) բծերի խմբում գրանցվել է x3.3 բռնկում՝ 44 րոպե տևողությամբ:
Ըստ IPG տիեզերական եղանակի մոնիտորինգի՝ բռնկումից հետո երկրի իոնոսֆերայի վրա արևի ռենտգենյան ճառագայթների ազդեցության մակարդակը հասել է R3-ի (ուժեղ), այն դեպքում, երբ սանդղակի ամենաբարձրը R5-ն է (ծայրահեղ):
Արեգակնային բռնկումները, կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից, բաժանվում են հինգ դասի՝ A, B, C, M և X: Նվազագույն A0.0 դասը համապատասխանում է Երկրի ուղեծրում ճառագայթման հզորությանը՝ 10 նանովատ մեկ քառակուսի մետրի համար: Հաջորդ տառին անցնելիս հզորությունը մեծանում է 10 անգամ։ Բռնկումները, որպես կանոն, ուղեկցվում են արեգակնային պլազմայի արտանետումներով, որոնց ամպերը, հասնելով Երկիր, կարող են մագնիսական փոթորիկներ առաջացնել: