ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստը գերլարված է․ վկայի պատասխանները հունից հանում են ծնողներին
Սևանի դատարանում այսօր հարցաքննվում է Ազատ գյուղի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով վկա Արսեն Սողոմոնյանը։
Նա դատարանում պատասխանում է կողմերի հարցադրումներին, հարցերի մեծամասնությունը մնում է անպատասխան, քանի որ վկան հիմնականում կամ ասում է՝ չի հիշում, կամ հստակ չի պատասխանում։ Այդ պատճառով զոհված զինծառայողների ծնողները բորբոքվում են, նիստը պարբերաբար ընդհատվում է։
«Սև գույնի «Նոկիա» ունեի ծառայության ժամանակ, մեծամասամբ հեռախոսն ինձ մոտ էր, երբ գնացի ջուր բերելու դեպքի օրը, ինձ մոտ չէր, խնդրել եմ Տարոնին, որ դնի զայրադկի։ Տարոնը գնում էր քնելու, ճաշարանում էր, երբ տվեցի, նա գնում էր քնելու։ Դեպքից հետո ցերեկը զանգահարել եմ մայրիկիս ու հայրիկիս»,- պատմեց Արսենը»
Հարցին՝ այդ մեծ ծավալի կրակի մեջ այդ հեռախոսն ինչպե՞ս է անվնաս մնացել, վկան պատասխանեց, որ չի կարող ասել։
Անդրադառնալով վառարանը գործարկելուն՝ վկան ասաց․ «Վառարանի տակ եղել է ժամանակ, որ թիթեղ եղել է, սակայն այդ ընթացքում թիթեղ չի եղել»։
Նա պատմեց, թե դեպքի օրը դրսից կրակոցների կամ տրաքոցների ձայներ էր լսվում․ «Ֆսսոց չեմ լսել։ Կրակը 5-6 րոպեում հասել է տանիք։ Ես ջրի էի գնացել, երբ եկա, Եղիշեն մուտքի դռան դիմաց էր։ Ձեռքով ռեշոտկան էր ուզում քաշել, պոկել, ասում էր՝ էս ինչ արեցի, ինձ զենք տվեք, ես ինձ խփեմ»։
Վկա Արսեն Սողոմոնյանի հարցաքննության ընթացքում կրքերը պարբերաբար բորբոքվում են։ Ծնողները հունից դուրս են գալիս վկայի տված պատասխաններից։
«Հնարավոր չեմ համարում, որ այդ կրակի մեջ կարելի էր 12 րոպե մնալ ու պայքարել»,- պատասխանեց վկան՝ հակադարձելով ամբաստանյալ Եղիշե Հակոբյանի այն ցուցմունքին, թե նա 15 րոպե պայքարել է կրակը մարելու համար։
«Որտեղի՞ց գիտես, որ ասում ես՝ հնարավոր չէ»,- հարցրեց զոհվածի հայրը, ինչին սակայն Արսեն Սողոմոնյանը չարձագանքեց։
Սկսվեց վիճաբանություն ծնողների և վկայի միջև, դատարանը կրկին ընդմիջում հայտարարեց։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։
Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։
Հավելենք, որ զոհերի ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին: Նրանք կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, եւ որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների եւ սպաների միջեւ եղած լարված հարաբերությունների մասին։