Երբ կենտրոնում էր Պոգբան, ես կարող էի կախել գլուխս, վազել եւ գնդակ ստանալ, իսկ հիմա այդպես չէ. Մբապե

Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն («Ռեալ Մադրիդ») տրտնջացել է, որ թիմի նախկին կիսապաշտպան Պոլ Պոգբային հավասարազոր փոխարինող Դիդիե Դեշամի գլխավորած թիմում չկա։ Պոգբան չորս տարով որակազրկված է դոպինգ օգտագործելու համար։


«Հարձակվողը միշտ պետք է հարմարվի իրավիճակներին, թիմակիցներին, նրանց բնութագրող որակներին։


Շատերն են հիշեցնում, թե ինչպես էինք մենք խաղում, երբ նոր էի միացել հավաքականին։ Բայց այն ժամանակ թիմում այլ ֆուտբոլիստներ էին խաղում։


Օրինակ՝ երբ կենտրոնում էր խաղում Պոգբան, ես կարող էի կախել գլուխս, վազել եւ գնդակ ստանալ, իսկ հիմա այդպես չէ։ Այս կազմի ֆուտբոլիստներով մենք ավելի քիչ ենք հայտնվում մրցակցի պաշտպանների թիկունքում։ Բայց ես սիրում եմ կլանել ազատ տարածություններ, եթե լինում են։


Չեմ կարծում, որ հիմա 100 տոկոսով հասել եմ մարզավիճակիս գագաթնակետին։ Ինձ անհրաժեշտ է լավ պատրաստություն, որին կհասնեմ ակումբում»,- Մբապեի խոսքը մեջբերում է ESPN-ը։


Քառորդ եզրափակիչում Ֆրանսիան հուլիսի 5-ին կմրցի Պորտուգալիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Պատահարներ