ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ բանակցությունների՝ հրադադարի պայմանով․ NYP
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է հնարավորություն տալ Իրանի հետ խաղաղ բանակցություններին, եթե Թեհրանը համաձայնի դադարեցնել կրակը։ Այս մասին հայտնում է New York Post-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։
«Դա ցանկացած բանակցության հիմքն է։ Դրանք սկսվում են հրադադարից, և առաջին քայլը պետք է անի Իրանը»,- ասել է պարբերականի զրուցակիցը։
Նրա խոսքով՝ Թրամփը հստակ հասկացրել է, որ ցանկանում է հնարավորինս արագ համաձայնության հասնել։
«Սակայն եթե իրանցիները շարունակեն հարվածել նավերին, ամերիկյան ռազմաբազաներին և Պարսից ծոցում ԱՄՆ-ի դաշնակիցներին, ստիպված կլինեն դրա համար վճարել»,- հայտարարել է անունը չհրապարակած պաշտոնյան։
NYP-ի աղբյուրը հավելել է, որ Իրանի ղեկավարությունը պետք է «կարգուկանոն հաստատի իր շարքերում»։ Հրապարակման համաձայն՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հաճախ ինքնուրույն է հարվածներ իրականացնում՝ առանց երկրի քաղաքացիական ղեկավարության հետ խորհրդակցելու։ Միաժամանակ Իրանի նախագահն ու արտգործնախարարը շարունակում են բանակցությունները։
ԱՄՆ-ը և Իրանը փորձում են համաձայնության հասնել նորացված հուշագրի շուրջ, որը կպահպանի նախորդ փաստաթղթի հիմնական դրույթները։ Աղբյուրի տեղեկություններով՝ Թրամփը շարունակում է պնդել Հորմուզի նեղուցով անվճար անցման ապահովման պահանջը։
Հուլիսի 24-29-ը ԱՄՆ-ն և Իրանը մի քանի շաբաթ տևած փոխադարձ հարվածներից հետո զերծ էին մնացել ռազմական գործողություններից։ Թրամփը հայտարարել էր, որ կողմերը «բարեկամական բանակցություններ» են վարում, սակայն Հորդանանում ամերիկյան ռազմաբազային Իրանի հարվածից հետո մարտական գործողությունները վերսկսվել են։