Այս իրավիճանն աննախադեպ է և խախտում է անօրինական ներգաղթի նվազման միտումը. Իսպանիայի վարչապետ
Իսպանիայի վարչապետը միգրանտների զանգվածային ներհոսքն անվանել է հարձակում պետության վրա: Իսպանական Սեուտա միգրանտների զանգվածային ներհոսքը «հարձակում և Իսպանիայի տարածքային ամբողջականության խախտում է»։ Այս մասին քաղաք ժամանելուց հետո հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։
«Տեղի ունեցածն արժանի է մեր ամենավճռական դատապարտմանը»,- ասել է Սանչեսը՝ հավելելով, որ կառավարությունը կներգրավի պետական բոլոր ռեսուրսները՝ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։
Վարչապետի խոսքով՝ ստեղծված իրավիճակի հիմքում մաֆիայի կողմից Իսպանիայի Գերագույն դատարանի որոշման շահադիտական մեկնաբանությունն է։ Խոսքը լողալով երկիր մուտք գործած անձանց հայրենադարձության վերաբերյալ որոշման մասին է։
Սանչեսը հայտնել է նաև, որ սահմանային հատվածում լողացող արգելապատնեշներ կտեղադրվեն՝ ֆիզիկական պատնեշ ստեղծելու և միգրանտների վերադարձը հեշտացնելու համար։
«Այս իրավիճանն աննախադեպ է և խախտում է անօրինական ներգաղթի նվազման միտումը, ուստի անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել»,- նշել է նա՝ չբացառելով անհրաժեշտության դեպքում օրենսդրական փոփոխությունները։
Ապաստանի տրամադրման հարցերով հանձնաժողովն արտակարգ նիստ է անցկացրել՝ արտաքսման վերաբերյալ որոշումներ կայացնելու համար։ Անօրինական մուտք գործած միգրանտների վերադարձի գործերն արագացված կարգով են քննվում, իսկ հարյուրավոր մարդիկ ինքնուրույն են հեռանում քաղաքից։
Նախօրեին Մարոկկոյից ժամանած հազարավոր միգրանտներ ապօրինի ներթափանցել էին Հյուսիսային Աֆրիկայում գտնվող իսպանական Սեուտա անկլավ։ El Confidencial-ի տվյալներով՝ սահմանային ներխուժման հետևանքով զոհվել է առնվազն 24 միգրանտ, իսկ քաղաք է մուտք գործել գրեթե 50 հազար մարդ։ Սեուտայի բնակչությունը շուրջ 85 հազար է։
Իսպանիան և Մարոկկոն արդեն պայմանավորվել են արագացնել Սեուտայից միգրանտների արտաքսումը։ Իսպանիայի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ մարդկանց անօրինական տեղափոխմամբ զբաղվող ցանցերը դատական որոշումն օգտագործել են միգրանտների ներհոսքը խթանելու համար։