Զելենսկին ցանկացել է ստանալ Starlink-ի հասանելիություն՝ ռուսական հրթիռային կայաններին հարվածելու համար
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ փակ բանակցությունների ընթացքում խնդրել է աջակցել իրեն, որպեսզի Իլոն Մասկից թույլտվություն տա հասնելիություն ստանալու Starlink արբանյակային կապի համակարգին` ռուսական ռազմական օբյեկտների դեմ գործողություններում օգտագործելու նպատակով։ Այս մասին հայտնում է The Atlantic-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Starlink-ը Իլոն Մասկի SpaceX ընկերության ստեղծած արբանյակային ինտերնետային համակարգն է, որը կապ է ապահովում աշխարհի տարբեր հատվածներում՝ հազարավոր արբանյակների միջոցով։ Համակարգը Ուկրաինայում օգտագործվում է նաև ռազմական նպատակներով՝ կապի պահպանման և տվյալների փոխանցման համար։
Ըստ հրապարակման՝ SpaceX-ը սահմանափակում է Starlink-ի աշխատանքը Ռուսաստանի տարածքում, ինչի պատճառով Ուկրաինան ստիպված է կիրառել ոչ հավաստի ուղղորդման համակարգեր։
Զելենսկին, ըստ աղբյուրների, նշել է, որ Starlink-ի հասանելիությունը կարող է օգնել ավելի արդյունավետ հարվածներ հասցնել ռուսական շարժական բալիստիկ հրթիռային համալիրներին։
Թրամփը խոստացել է այդ հարցը քննարկել Իլոն Մասկի հետ, սակայն չի տվել որևէ երաշխիք, որ կաջակցի Կիևի նախաձեռնությանը։
ԱՄՆ նախագահի որոշումը կախված կլինի նրանից, թե արդյոք նա այդ քայլը կդիտարկի որպես պատերազմի ավարտին նպաստող միջոց, թե հակառակը՝ որպես լարվածության հետագա սրման գործոն։