ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լիպարիտ Դրմեյանը հայցադիմում է ներկայացնել Փաշինյանին դեմ
«Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախորդ օրվա մամուլի ասուլիսում իր հասցեին հնչեցրած հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են իր պատիվն ու արժանապատվությունը։ Նա հայտնել է, որ իր իրավունքները պաշտպանելու նպատակով քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան։
«Հայց եմ ներկայացրել՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու պահանջով։ Խոսքը բոլոր այն արտահայտությունների մասին է, որոնք վերաբերում էին արբիտրաժային վարույթի ընթացքում իմ պարտականությունների կատարմանը և ենթադրյալ շահերի բախմանը։ Մամուլի ասուլիսի ժամանակ նույնիսկ մեջբերումներ արվեցին «Իլիականից» ու «Ոդիսականից»։ Այդ արտահայտություններն ու ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը և հնչել են իմ պատիվն ու արժանապատվությունն արատավորող համատեքստում»,- ասել է Դրմեյանը։
Նրա խոսքով՝ առայժմ վարչապետից դրամական փոխհատուցում չի պահանջել, սակայն չի բացառել, որ դատավարության ընթացքում կարող է լրացուցիչ պահանջ ներկայացնել։
«Այս պահին ներկայացրել եմ միայն արտահայտությունները հերքելուն պարտավորեցնելու պահանջ։ Օրենսդրությունը թույլ է տալիս հետագայում փոխել հայցի հիմքն ու առարկան կամ ավելացնել պահանջները։ Ընթացքում կերևա՝ գուցե նաև դրամական պահանջ ներկայացնեմ»,- նշել է նա։
Դրմեյանն ընդգծել է, որ ընտրել է իրավական ճանապարհը և պատրաստ է երկարատև պայքարի։
«Ես պատահական խոսքեր չեմ ասում։ Իմ ձեռքը մաքուր է, խիղճս՝ հանգիստ։ Պատրաստ եմ իրավական ճանապարհով հասնել նրան, որ իմ հասցեին հնչեցված արատավորող հայտարարությունները հերքվեն։ Հայաստանում չի կարող բռնապետություն լինել, բայց մենք ուղիղ այդ ճանապարհով ենք գնում»,- հայտարարել է նա։
Դրմեյանը նաև հայտնել է, որ իր և գործընկերների գնահատմամբ՝ վարչապետի հայտարարությունները կարող են կապված լինել իր ընդդիմադիր գործունեության և հատկապես հետընտրական շրջանում կուսակցության ակտիվ դիրքորոշման հետ։ Նրա տեղեկացմամբ՝ Վարչական վերաքննիչ դատարանում դեռ քննարկվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման դեմ ներկայացված հայցը վարույթ ընդունելու հարցը։
Հավել ենք, որ Լիպարիտ Դրմեյանը Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի նախկին պաշտոնակատարն է: