Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը 2024 թվականին կպահպանվի․ ԱՄՆ հետախուզություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը 2024 թվականին կպահպանվի։ Այս մասին ասված է ԱՄՆ ազգային հետախուզության կողմից հրապարակված սպառնալիքների ամենամյա գնահատման մեջ։
Զեկույցի հեղինակների կարծիքով՝ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի կորուստը փոքր-ինչ նվազեցրել է անկայունության մակարդակը, սակայն ամբողջությամբ չի վերացրել ռիսկերը:
Նոր հակամարտության հավանականությունը պայմանավորված է մի շարք գործոններով՝ խաղաղության պայմանագրի բացակայություն, երկու երկրների զինվորականների դիրքերի միջև կարճ հեռավորություն, հրադադարի վերահսկման մեխանիզմի բացակայություն, Բաքվի կողմից ռազմական ուժ կիրառելու պատրաստականություն։
ԱՄՆ-ի գնահատմամբ՝ Ադրբեջանն իր առջև դրված նպատակներին հասնելու համար շարունակելու է ճնշում գործադրել Հայաստանի վրա, Բաքուն մասնավորապես ձգտում է արտատարածքային միջանցք ստանալ դեպի Նախիջևան, ինչը նույնպես մեծացնում է զինված բախման վտանգը:
Տելեգրամի իր ալիքում գրել է միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը՝ ներկայացնելով մի փոքր հատված․
«Ամենակարևոր մանրամասները
1. Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը կպահպանվի, չնայած նրան, որ Բաքվին հաջողվել է գրավել Լեռնային Ղարաբաղը ։
2. 2024 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր հակամարտությունը կարող է լինել կարճաժամկետ և սահմանափակ ինտենսիվությամբ։
3. Նոր հակամարտության ռիսկը մեծացնող գործոններն են՝ նպատակներին հասնելու համար ուժ և ռազմական ճնշում գործադրելու Ադրբեջանի պատրաստակամությունը, զինվորների մոտ դիրքը, հրադադարի մեխանիզմի և խաղաղության պայմանագրի բացակայությունը»։