18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ն ամենազանգվածային հարձակումն է իրականացրել Ուկրաինայի նկատմամբ
Ուկրաինայի իշխանությունները հայտնել են Կիևում, Լվովում, Դնեպրում, Խարկովում և Օդեսայում քաղաքացիական զոհերի մասին այն բանից հետո, երբ Ռուսաստանը դեկտեմբերի 29-ի գիշերը հարվածներ է հասցրել անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով՝ թիրախավորելով Ուկրաինայի շրջանները: Այս մասին գրում է kyivindependent.com-ը։
Ռուսական կողմի այս հարձակումն ամենամեծն է վերջին ամիսների ընթացքում:
Կիևում առնվազն 7 մարդ վիրավորվել է, բազմաթիվ բազմաբնակարան շենքեր են վնասվել, իսկ առավոտյան անօդաչու թռչող սարքերի և հրթիռային հարձակումների ալիքի ժամանակ պայթյուն է որոտացել մետրոյի կայարանում։
Քաղաքի Շևչենսկի շրջանում հրթիռի բեկորներից վնասված պահեստի փլատակների տակ է հայտնվել երեք մարդ, հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Լվովում մեկ մարդ մահացել է, երեքը՝ վիրավորվել, հայտնել է նահանգապետ Մաքսիմ Կոզիցկին։ Ավելի ուշ Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին հայտնել է, որ վիրավորների թիվը հասել է ութի:
Դնեպրում մեկ մարդ է զոհվել, հայտնել է քաղաքապետ Բորիս Ֆիլատովը։ Հարձակման հետևանքով տուժել են առևտրի կենտրոնը և ծննդատունը:
Խարկովի վրա 20 հարված է հասցվել, ինչի հետևանքով մահացել է մոտ 35 տարեկան մի տղամարդ, վիրավորվել՝ առնվազն 11 մարդ, ասել է Խարկովի նահանգապետ Օլեհ Սինյեհուբովը։ Նա հավելել է, որ հարձակումները վնասել են շենքեր, այդ թվում՝ բժշկական հաստատություն և պահեստներ:
Ռուսաստանը թիրախավորել է Օդեսայում գտնվող երկու բնակելի շենք, ինչի հետևանքով զոհվել է երկու մարդ, իսկ 15-ը՝ վիրավորվել, այդ թվում՝ երկու անչափահաս երեխա, հայտնել է նահանգապետ Օլեհ Կիպերը: