79 մլն դրամի փողերի լվացում․ քաղաքացին Telegram–ի հավելվածով իրացրել է խոշոր չափերի թմրամիջոց

Քաղաքացի Ա.Գ.-ն Telegram–ի հավելվածում իր կողմից ստեղծված «Top Weed» առցանց խանութ–հարթակի միջոցով իրացրել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց և 79 մլն դրամ փողերի լվացում կատարել։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։


Դատախազը Ա.Գ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել:


Պարզվել է, որ քաղաքացի Ա.Գ.-ն 2019 թ. մի խումբ անձանց հետ համապատասխան վարձատրության դիմաց սկզբում՝ որպես թմրամիջոց տեղադրող, իսկ հետագայում՝ որպես պահեստապետ, իրացրել է առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ:


«Ա.Գ.–ն, նույն ժամանակահատվածում, ՌԴ–ից պարբերաբար մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու և սահմանված արգելքը խախտելու եղանակով, տեխնիկական սարքավորումների մեջ թաքցված վիճակում, Հայաստան է տեղափոխել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ»,– ասվում է հաղորդագրության մեջ:


Ա.Գ.-ի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներից ընդհանուր՝ 556,090 գրամ քաշով «մարիխուանա» և 190,326 գրամ քաշով «հաշիշ» տեսակի թմրամիջոցներ:


Ա.Գ.–ի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը կամ դրանք ապօրինի իրացնելը և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում հոդվածների հատկանիշներով:

Քաղաքականություն