Քաղաքականություն

ԱՄՆ հետախուզությունը չի բացառում Ռուսաստանի հարձակումը ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա. The Wall Street Journal

ԱՄՆ հետախուզությունը չի բացառում Ռուսաստանի հարձակումը ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա. The Wall Street Journal
ԱՄՆ հետախուզությունը վերանայել է Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի անդամ երկրի դեմ հնարավոր գործողությունների վերաբերյալ իր նախկին գնահատականը և այժմ չի բացառում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջիկա մի…

ԱՄՆ հետախուզությունը վերանայել է Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի անդամ երկրի դեմ հնարավոր գործողությունների վերաբերյալ իր նախկին գնահատականը և այժմ չի բացառում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջիկա մի քանի տարիներին կարող է դիմել սահմանափակ հարձակման՝ փորձելով ստուգել դաշինքի արձագանքն ու միասնականությունը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկյան հետախուզության նոր գնահատականին։


ԱՄՆ պաշտոնյաների խոսքով՝ դիտարկվող հնարավոր սցենարները տարբեր են՝ կիբերհարձակումներից մինչև ՆԱՏՕ-ի անդամ երկրի տարածք սահմանափակ ցամաքային ներխուժում։


Նախկինում ամերիկյան կողմը գնահատում էր, որ Ռուսաստանը չի փորձի ռազմական առճակատում հրահրել ՆԱՏՕ-ի անդամ պետության հետ, քանի դեռ շարունակվում է պատերազմն Ուկրաինայում։ Սակայն այս տարվա սկզբին այդ գնահատականը փոխվել է։


Ամերիկացի պաշտոնյաներից մեկի խոսքով՝ փոփոխության պատճառներից մեկը Ռուսաստանի ղեկավարության նկատմամբ աճող ճնշումն է։ Ուկրաինական անօդաչուները վնասներ են հասցնում ինչպես ռուսական ռազմական ենթակառուցվածքներին, այնպես էլ նավթային ոլորտին, իսկ ռուսական զորքերի առաջխաղացումը ռազմաճակատում, ըստ հրապարակման, դանդաղ է և ուղեկցվում է զգալի կորուստներով։


ԱՄՆ և եվրոպացի պաշտոնյաները նաև ավելի հաճախ են ուշադրություն դարձնում այն միջադեպերին, որոնք դիտարկվում են որպես ՆԱՏՕ-ի արձագանքը ստուգելու հնարավոր փորձեր։ Դրանց թվում նշվում են Լեհաստանի տարածքում արձանագրված հրթիռային միջադեպերը և Ռումինիայի օդային տարածք ներթափանցած անօդաչուները։


Եթե Ռուսաստանը Ուկրաինայում պատերազմի շարունակման պայմաններում որոշի գործողություն իրականացնել ՆԱՏՕ-ի դեմ, հնարավոր նպատակը կարող է լինել դաշինքի ներսում տարաձայնություններ առաջացնելը և հավաքական պաշտպանության մեխանիզմի գործնական կիրառումը փորձության ենթարկելը, նշել է ամերիկացի պաշտոնյան։


ԱՄՆ պաշտոնյաների գնահատմամբ՝ նման գործողությունների հավանական ժամանակահատվածը կարող է ընդգրկել 2026 թվականի աշնանից մինչև 2029 թվականը։


Միևնույն ժամանակ նոր գնահատականը հրապարակվում է այն պայմաններում, երբ ԱՄՆ-ում մտահոգություններ կան մի շարք կարևոր զինատեսակների պաշարների վերաբերյալ։ Ուկրաինային տրամադրված ռազմական օգնության և այլ ռազմական գործողությունների հետևանքով նվազել են, մասնավորապես, PrSM հեռահար հրթիռների, ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռների, Stinger շարժական զենիթահրթիռային համակարգերի և այլ զինատեսակների պաշարները։


Հուլիսի սկզբին The Telegraph-ը ևս հայտնել էր, որ ԱՄՆ-ը Լեհաստանին նախազգուշացրել է Ռուսաստանի կողմից հնարավոր զինված սադրանքի մասին, որի նպատակը կարող է լինել ՆԱՏՕ-ի՝ հավաքական պատասխան տալու պատրաստակամության ստուգումը։ Լեհաստանի և Բալթյան երկրների պաշտոնյաները նույնպես վերջին շրջանում բարձրաձայնել են Ռուսաստանի կողմից հնարավոր նոր էսկալացիայի ռիսկերի մասին։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250