Քիշնևի օդանավակայանում կրակ բացած տաջիկ տղամարդը հիվանդանոցում մահացել է
Քիշնևի օդանավակայանում ուժայինների վրա կրակ բացած Տաջիկստանի քաղաքացի Ռուստամ Աշուրովը հիվանդանոցում մահացել է հարձակման ժամանակ ստացած վերքերից։ Մահվան մասին հայտնել է Մոլդովայի ոստիկանության գլխավոր տեսչությունը թելեգրամյան ալիքում։
Հրաձգությունը տեղի է ունեցել հունիսի 30-ին։ 43-ամյա Ռուստամ Աշուրովը սպանել է օդանավակայանի անվտանգության աշխատակցին և սահմանապահ ոստիկանության աշխատակցին այն բանից հետո, երբ նրան թույլ չեն տվել մուտք գործել երկիր։ Ձերբակալության ժամանակ նա վիրավորվել է։
Նշվում է, որ տղամարդն իր հայրենիքում մեղադրվում է Ориёнбанк-ի առաջին փոխնախագահ Շուխրատ Իսմատուլոևին առևանգելու մեջ։
Տաջիկստանի գլխավոր դատախազության տվյալներով՝ նա Թուրքիայի տարածքով երկրից փախել է Մոլդովա՝ «նպատակ ունենալով հետագայում թաքնվել Եվրամիության երկրներում»։
Նախագահ Մայա Սանդուն հուլիսի 4-ը հայտարարել է համազգային սգո օր՝ ի հիշատակ զոհվածների։