Ավտոտնակի պայթյունը առաջացել է լուսավորության լամպը միացնելուց հետո․ մանրամասներ ՔԿ-ից

Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի մոտ՝ ավտոտնակում, տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ 

 

2023 թվականիի հուլիսի 03-ին՝ ժամը 22։22-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի տարածքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով առկա են փլուզումներ, կան տուժածներ:

 

Նույն օրը՝ 23:30-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության բրիգադը նշված շենքի բակից իրենց մոտ է տեղափոխել մի տղամարդու՝ ջերմային այրվածքներով և այրվածքային ծանր շոկով:

 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձևավորվել է քննչական խումբ և կատարվում է նախաքննություն։

 

Անմիջապես կատարվել է դեպքի վայրի զննություն: Նախնական տվյալներ են ստացվել այն մասին, որ Կոմիտասի 54/1 հասցեի բազմաբնակարան շենքին հարակից ավտոտնակներից մեկում գտնվել են հեղուկ գազի բալոններ, գազի սարքավորումներ։ Բալոններից մեկից տեղի է ունեցել գազի արտահոսք, իսկ պայթյունը, նախնական տվյալներով, առաջացել է քաղաքացու կողմից իր ավտոտնակը մտնելուց և լուսավորության լամպը միացնելուց հետո։

 

Պայթյունի հետևանքով քաղաքացին ստացել է այրվածքներ և մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել բժշկական կենտրոն: Ուժգին պայթունից վնասվել են նշված շենքի բակի կողմն ուղղված բնակարանների պատուհանների փեղկերը, ապակիները, նշված հատվածում առկա բետոնե կառուցվածքների որոշ հավածներ: Շենքի բակում կայանված ավտոմեքենաներից մի քանիսը վնասվել և դեֆորմացվել են, շենքի մուտքերի դիմաց տեղակայված երկու ավտոտնակներ փլուզվել են գրեթե ամբողջությամբ, երրրոդը՝ մասնակի։

 

Մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով 2023թ. հուլիսի 4-ին որոշում է կայացվել դատապայթունատեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին։

 

Նշվում է, որ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են քննչական և դատավարական անհետաձգելի միջոցառումներ։ Այս պահի դրությամբ էլ քննիչները դեպքի վայրում կատարում են անհրաժեշտ գործողություններ։