5,9 մագնիտուդով երկրաշարժ՝ Դաղստանում․ ինչ է հայտնի
Դաղստանի Դերբենտ քաղաքից 100 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հաղորդում է Դաղստանի երկրաֆիզիկական ծառայությունը։ Ավերածությունների մասին տեղեկություն դեռ չի ստացվել։ Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայությունը ուժգնությունը գնահատել է 5,5 մագնիտուդ։
Երկրաշարժը, Դաղստանի երկրաֆիզիկական ծառայության տվյալներով, տեղի է ունեցել ժամը 23:01-ին Կասպից ծովում 8 կմ խորության վրա։ Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային վարչությունից հայտնում են, որ ստորգետնյա ցնցումները զգացվել են ափամերձ հատվածում։
«Ավերածությունների մասին հերթապահ ծառայությունները տեղեկություն չեն ստացել»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) ուժգնությունը գնահատել է 5,4 մագնիտուդ։ Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Դերբենտից (բնակչությունը՝ 105 հազար մարդ) 90 կմ, իսկ ադրբեջանական Խաչմազ քաղաքից (37,1 հազար) 46 կմ հեռավորության վրա։ EMSC-ն պնդում է, որ աղբյուրը գտնվել է 35 կմ խորության վրա։
Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը դեռևս տեղեկություն չի ստացել ավերածությունների մասին։ Հանրապետական սեյսմոլոգիական կենտրոնը կարծում է, որ աղբյուրը գտնվել է 65 կմ խորության վրա՝ Խաչմազի շրջանից 80 կմ հեռավորության վրա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երկրաշարժ է գրանցվել նաև Բաքվում, որի բնակիչները գիշերը ցնցումների պատճառով դուրս են եկել տներից։