Արմավիրում խոշոր ավտովթարի հետևանքով 7 մարդ է տուժել. 3-ը երեխաներ են. ԶԼՄ
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին գրել է Shamshyan.com-ը։
Ժամը 15։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 30 կմ հատվածում, Արշալույս գյուղի վարչական տարածքում բախվել են 2 Mercedes-ներ։
Վթարի հետևանքով 7 հոգի, որից 3-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց։ Մեկը հայտնվել է բաժանարար գոտու գազոնում, մյուսն էլ՝ դաշտում։
«Վաղարշապատ» բժշկական կենտրոնից երեխաները ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներից 3-ին հիվանդանոց է ուղեկցել Արմավիրի մարզի ոստիկանապետը։
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Ոստկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Mersedes մակնիշի 36 СV 577 համարանիշի վարորդը եղել է ոչ սթափ:
Դեպքի վայր ժամանած մի երիտասարդ փորձել է ճանապարհային ոստիկաններին համոզել, որ վարորդը ինքն է եղել, բայց արդյունք չի տվել ու տեղում իսկական վարորդը խոստովանել է, որ ով փորձել է ներկայանալ որպես վարորդ, նա չէ, և նա իր որդին է: