Ռուսաստանի ԱԴԾ-ն Apple-ին մեղադրել է ամերիկյան հետախուզությանն օգնելու մեջ

Ռուսաստանի ԱԴԾ-ն ամերիկյան Apple ընկերությանը մեղադրել է վիրուսային ծրագրի միջոցով ամերիկյան հետախուզության գործողություններին մասնակցելու մեջ, գրում է  TAC-ը։
 

Նշվում է, որ Անվտանգության դաշնային ծառայությունը, Ռուսաստանի պահպանության դաշնային ծառայության հետ համատեղ, բացահայտել են «անոմալիաներ, որոնք բնորոշ են միայն Apple բջջային հեռախոսների օգտատերերին» և ծրագրային վիրուս, որն օգտագործում է «արտադրողի կողմից նախատեսված ծրագրային խոցելիությունները»։ ԱԴԾ-ի տվյալներով՝ վարակվել է մի քանի հազար բջջային հեռախոս, որոնց թվում արտասահմանում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների հեռախոսները։
 

Ինչպես կարծում են ԱԴԾ-ում, դա «ապացուցում է այն հանգամանքը, որ Apple-ը սերտորեն համագործակցում է ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության հետ, եւ որ ընկերության գաղտնիության քաղաքականությունը չի համապատասխանում իրականությանը»։

 

«Ընկերությունն ամերիկյան հատուկ ծառայություններին լայն հնարավորություններ է ընձեռում վերահսկելու ինչպես Սպիտակ տան համար հետաքրքրություն ներկայացնող ցանկացած անձի, այդ թվում՝ հակառուսական գործունեության գծով նրանց գործընկերների, այնպես էլ սեփական քաղաքացիների նկատմամբ»,- նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։