«Անբախտ» «Porsche Panamera» - ն․ նախորդ տարի լուսարձակներն էին գողացել, այսօր էլ ծառն է ընկել վրան

Այսօր՝ մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05 ։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարյան փողոցի թիվ 4-րդ շենքի բակում ծառի հսկայական ճյուղը կոտրվել և ընկել է ավտոմեքնանների վրա, մասամբ փակելով ճանապարհի երթևեկելի գոտին։ 

Պարզվել է, որ ծառի ճյուղը կոտրվել և ընկել է կայանված Porsche Panamera մակնիշի և Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենաների վրա։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։

Ահազանգով ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի համապատասխան բաժինների աշխատակիցները։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Porsche Panamera-ն հաշվառված է Երևանի 28-ամյա բնակչի անվամբ, և 1 տարի առաջ անհայտ անձինք նշված բակից գողացել էին Porsche-ի լուսարձակները։ Ու մինչև այժմ, վարորդը, ինչպես ժողովուրդն է ասում, «նստել է թախտին, սպասում է բախտին», թե ոստիկանները կհայտնաբերեն գողերին ու կվերադարձնեն լուսարձակները, բայց վարորդը համակերպվել է այն մտքի հետ, որ «եղունգ ունես գլուխդ քորի»։