Տղան խեղդամահ է արել մորը, հետո զանգահարել ԲԿ և հայտնել, որ հանկարծամահ է եղել. մանրամասներ ՔԿ-ից

Մայիսի 6-ին Սևան քաղաքի 85-ամյա բնակչուհու սպանության գործով ձերբակալվել է վերջինիս որդին: Տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տղան ծեծի է ենթարկել մորը և ձեռքերով պարանոցը սեղմելու եղանակով խեղդամահ արել վերջինիս: 
 

Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ նշվում է, որ մայիսի 6-ին՝ ժամը 20:55-ին, «Սևան» ԲԿ է զանգահարել տղամարդը և հայտնել, որ մայրը տանը հանկարծամահ է եղել: Սակայն դեպքի վայրի զննության ժամանակ դիակի վրա, մասնավորապես` դեմքի ու պարանոցի շրջանում, հայտնաբերվել են կապտուկներ և արյունազեղումներ, վնասվածքներ են եղել նաև դիակի վերին և ստորին վերջույթների վրա:

 

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 50-ամյա տղամարդը ծեծի է ենթարկել մորը և ձեռքերով պարանոցը սեղմելու եղանակով խեղդամահ արել վերջինիս: 
 

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, տուժողի որդին ձերբակալվել է և հարցաքննության ժամանակ տվել ինքնախոստովանական ցուցմունք:

Միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ 50-ամյա տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է: