26 - ամյա դատախազը ոչ սթափ վիճակում խոշոր վթարի հեղինակ է դարձել․ մեքենայում եղած ռուս կանայք տեղափոխվել են ԲԿ

Այսօր՝ մայիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ 26-ամյա Արման Մաթևոսյանը իր վարած Tesla մակնիշի 04 SO 001 համարանիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայի թիվ 1 հասցեի մոտ բախվել է ծառին, առաջ ընթացել և բախվել 36-ամյա Գևորգ Գալստյանին պատկանող, կայանված վիճակում գտնվող Mitsubishi մակնիշի ավտոմեքենային, և առաջ ընթանալով, հայտնվել ՀՀ կառավարության անցագրային կետի մոտ, մասամբ՝ հետիոտնի համար նախատեսված վայրում։ 

 

Տեղում պարեկները մի քանի ժամ փորձում էին Tesla-ի վարորդին սթափության փորձաքննության ենթարկել, սակայն նա անընդհատ ասում էր, թե՝ վատ է զգում, ի վիճակի չէ, և պահանջում էր շտապօգնություն։ 2 անգամ պարեկները նրա համար շտապօգնութուն կանչեցին, 2 անգամ էլ նա հրաժարվեց անգամ մոտենալ բժիշկներին։ 

Ժամեր անց վարորդը ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա եղել է ոչ սթափ։ 
 

Ինչպես փոխանցում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Tesla-ի ուղևորներ՝ ՌԴ քաղաքացիներ Անաստասիա Պավլիցկայան և Ռաիսա Նիկոլինան բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Դեպքի վայրում մի տղամարդ փորձում էր պարեկներին համոզել, որ վարորդը ինքն է եղել, սակայն կարճ ժամանակում պարեկները պարզեցին, որ այդ նա ստում է։ Տեղում պարզվեց նաև, որ կեղծ վարորդ ներկայացածը Tesla-ի վարորդի հայրն է՝ 50-ամյա Արսեն Մաթևոսյանը։

 

 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Tesla-ի վարորդ Ա․ Մաթևոսյանը աշխատում է ՀՀ գլխավոր դատախազության Կոտայքի մարզի դատախազությունում որպես դատախազ։