Բաֆեթը խզում է ֆինանսական կապը Գեյթսի հիմնադրամի հետ՝ Էփշտեյնի գործի շուրջ ուշադրության ֆոնին
Ամերիկացի խոշորագույն ներդրող և մուլտիմիլիարդատեր Ուորեն Բաֆեթը դադարեցնում է իր բազմամյա գործընկերությունը Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսի բարեգործական հիմնադրամի հետ, ինչը տեղի է ունենում Գեյթսի և ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի կապերի շուրջ Կոնգրեսի ուժեղացված ուշադրության և նոր բացահայտումների ֆոնին։ Այս մասին հուլիսի 15-ին հայտնել է Bloomberg գործակալությունը։
Berkshire Hathaway-ի տնօրենների խորհրդի ղեկավարն իր այս որոշումը քննարկել է Գեյթսի հետ՝ նրան հանդիպելով Նեբրասկա նահանգի Օմահա քաղաքում։ Բաֆեթն ընդգծել է, որ Կոնգրեսի ստուգումների արդյունքում չի բացահայտել այնպիսի տեղեկություն, որը դուրս կլիներ իր պատկերացումներից, և մատնանշել է, որ Գեյթսն ի վերջո խզել էր իր կապերը Էփշտեյնի հետ։
Միևնույն ժամանակ, Բաֆեթը լիովին չի հրաժարվել Microsoft-ի համահիմնադրի հետ ունեցած ընկերությունից, թեև ստուգման արդյունքներն ու Էփշտեյնի հետ նրա կապերն անվանել է «տհաճ»։ Նա նաև հայտնել է, որ չի ծրագրում վերսկսել նվիրատվությունները Գեյթսի հիմնադրամին, որին վերջին երկու տասնամյակի ընթացքում փոխանցել է ավելի քան 47 միլիարդ դոլար։
Բաֆեթը նշել է, որ Գեյթսի հիմնադրամն ավելի շատ գումար է վաստակել, քան սպասվում էր, և որ ինքը վստահում է իր երեխաներին՝ սեփական կարողությունը տնօրինելու հարցում։ Միլիարդատերն արագացրել է միջոցների փոխանցումն իր ընտանիքի հետ կապված չորս բարեգործական կազմակերպություններին՝ նրանց տրամադրելով շուրջ 6 միլիարդ դոլար արժողությամբ Berkshire-ի բաժնետոմսեր։
Հետագայում Բաֆեթը նախատեսում է առաջիկա ութ տարիների ընթացքում այդ կազմակերպություններին փոխանցել մոտ 140 միլիարդ դոլար գնահատվող իր ամբողջ մասնաբաժինը։ Այդ որոշումը հաջորդել է ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից փաստաթղթերի հրապարակմանը, որոնք կրկին ուշադրություն են հրավիրել Գեյթսի և Էփշտեյնի կապերի վրա։ Գեյթսի հիմնադրամը պատվիրել է այդ կապերի անկախ ստուգում և ակնկալում է դրա ավարտը ամռանը։
Բաֆեթն ու Գեյթսը, այդուհանդերձ, շարունակում են պահպանել կապը։ Bloomberg News-ին տված հայտարարության մեջ Գեյթսը բարձր է գնահատել Բաֆեթի ներդրումը հիմնադրամի զարգացման գործում և նրանց բազմամյա ընկերությունը։
Գեյթսի հիմնադրամի հետ 95-ամյա Բաֆեթի՝ համագործակցությունից հրաժարվելու մասին հունիսի 30-ին հայտնել էր նաև The Wall Street Journal պարբերականը։ Շեշտվում էր, որ ներդրողը վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ չեղարկել է իր կանոնավոր մասնահանումը Microsoft-ի հիմնադրի բարեգործական հիմնադրամին, քանի որ վերջինս շրջանառվում է Էփշտեյնի գործով սկանդալում։
Էփշտեյնի գործով ֆայլերը սկսել են հրապարակվել 2025 թվականի դեկտեմբերի 20-ից՝ այն բանից հետո, երբ նույն տարվա նոյեմբերի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր դրանց հանրայնացման մասին օրինագիծը։ ԱՄՆ նախկին գլխավոր դատախազ Փեմ Բոնդին փետրվարի 14-ին հրապարակել էր ավելի քան 300 հայտնի մարդկանց անուններ պարունակող ցանկ, որոնք հիշատակվում են ֆինանսիստի գործի նյութերում։ Նշվում էր, որ տեքստում առկա են ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի, 46-րդ նախագահ Ջո Բայդենի, Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսի, ինչպես նաև երգչուհի Բեյոնսեի ազգանունները։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել
Մոսկվայից դեպի Երևան նոր ավտոբուսային երթուղի է բացվել, որի շրջանակներում չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ հի...
Բաքվում պահվող հայերը կամային դիմադրություն են ցույց տալիս. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշել է, որ թեև ադրբեջանական կողմը գրեթե չի անդրադառնում մեր հ...
Հայկական գյուղմթերքը՝ ԱՄՆ շուկայում․ նոր քննարկումներ Վաշինգտոնում
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ Գյուղատնտեսության քարտուղարությունում հանդիպել է Արտաքին գյուղատնտեսական ծա...
Փակում ենք դուռը ռուսների առաջ. Հունգարիայի պաշտպանության նախարար
Հունգարիայի պաշտպանության նախարար Ռոմուլուս Ռուզին-Սենդին հայտարարել է, որ երկիրը պետք է վերականգնի վստահությունն իր դաշ...