Ռուսաստանը սահմանափակումներ է մտցնում Թուրքիայից մրգերի ներմուծման նկատմամբ
«Ռոսսելխոզնադզորը» հայտարարեց Թուրքիայից կորիզավոր պտուղների ներկրման սահմանափակումների մասին։ Ինչպես տեղեկացրել է գերատեսչության մամուլի ծառայությունը, արգելքը տարածվելու է թուրքական հինգ ձեռնարկությունների արտադրանքի վրա, որոնք մատակարարում են ծիրան, կեռաս, բալ, դեղձ և նեկտարին։ Գերատեսչությունը պարզաբանել է, որ այս քայլին դիմել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համար կարանտինային օբյեկտների համակարգված հայտնաբերման պատճառով, սակայն չի հստակեցրել, թե հատկապես ինչ օրգանիզմներ են հայտնաբերվել այդ մրգերում։
Այս որոշման մասին հայտնի դարձավ Կիևում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի բանակցությունների ավարտից մի քանի ժամ անց։ Հանդիպումից հետո Ֆիդանը հայտնել էր, որ Անկարան պատրաստակամ է միանալու Կիևի անվտանգության երաշխիքներին և ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ միասին ստանձնելու այդ երաշխիքների ծովային բաղադրիչի առաջնորդությունը։
Թուրքիայի արտգործնախարարը նշել էր. «Մենք չենք ցանկանում, որ պատերազմը տարածվի Սև ծովի վրա։ Սև ծովում նավահանգիստների, լցանավերի և ձկնորսական նավերի գնդակոծությունները, խաղաղ բնակիչների կյանքին սպառնացող վտանգն անընդունելի են»։ Նա նաև շեշտել էր, որ Թուրքիան անշեղորեն սատարում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և վերահաստատում է իր հաստատուն դիրքորոշումը Ղրիմի անօրինական բռնակցման վերաբերյալ։
Ներկայումս Թուրքիան չի դասվում դեպի Ռուսաստան կորիզավոր պտուղների խոշորագույն արտահանողների շարքին։ Նախորդ տարի այդ մրգերի հիմնական մատակարարներն էին Ուզբեկստանը (180 հազար տոննա), Ադրբեջանը (111 հազար տոննա) և Հայաստանը (64 հազար տոննա)։
Այդուհանդերձ, Թուրքիան շարունակում է մնալ Ռուսաստան ցիտրուսային մրգերի գլխավոր մատակարարը (599 հազար տոննա), ինչպես նաև գրավում է երկրորդ տեղը ձմերուկի ու սեխի մատակարարմամբ (16 հազար տոննա)՝ զիջելով միայն Ուզբեկստանին (335 հազար տոննա)։