ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վանեցյանը պատմել է, թե ինչ են պատրաստվում անել

 Ընդդիմության գործողությունների երկրորդ փուլի մեկնարկը, որը տրվեց ապրիլի 25-ին, լինելու է ավելի ակտիվ, լինելու են երթեր, քաղաքացիական անհնազանդության ակցիաներ։ Այս մասին Ազատության հրապարակում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

 

«Մենք շարունակում ենք մեր հայտարարած անժամկետ միջոցառումները, մենք կրկին Ազատության հրապարակում ենք, կրկին գիշերելու ենք այստեղ, բայց երկրորդ փուլի մեկնարկը, որը տրվեց ապրիլի 25-ին, լինելու է ավելի ակտիվ։ Լինելու են երթեր, քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են իրականացվելու»,- ասաց նա։

Հարցին, որ այդ մեթոդը մեկ անգամ կիրառվել է Հայաստանում, մասնագետների հետ աշխատո՞ւմ են՝ նոր մեթոդներ կիրառելու համար, Վանեցյանը պատասխանեց․ «Մասնագետներ մեզ պետք չեն, մենք պետք է աշխատենք ժողովրդի հետ։ Մենք պետք է մեր գործողություններով կարողանանք ժողովրդին ակտիվացնել ու հանել փողոց և սարքել պահանջատեր։ Դա է ամենակարևոր խնդիրը։ Երկրում ստեղծված միջավայրը խոսում է այն մասին, որ գրեթե կա 100 տոկոսանոց կոնսենսուս, որ այս իշխանությունները տապալել են բոլոր ոլորտներում, հատկապես անվտանգության համակարգն է ամբողջությամբ փլուզված, առհասարակ պետության հիմքերն են խարխլված։ Ուստի, մենք ունենք երկրորդ խնդիր, որ մարդիկ ոչ թե հիասթափվեն, ասեն՝ մեկ անգամ այդ տեխնոլոգիան կիրառվել է, մեկ է, բան չի փոխվելու, այլ մենք պետք է մարդկանց ասենք՝ ժողովուրդ, չհիասթափվեք»,- ասաց նա։

 

Ըստ Վանեցյանի՝ Իջևանից դեպի Երևան սկսել են քայլերթ անել մարդիկ, ովքեր համաձայն չեն այս իշխանությունների հետ։ Այդ խմբերը ավելանալու են, և, նրա խոսքով, սկզբում ապակենտրոն ցանցային տարբերակով են հանրության հետ աշխատելու, որից հետո ինչ-որ փուլում պետք է բոլորը համախմբվեն։

 

«Ես չգիտեմ, թե դա երբ կլինի՝ մեկ օրից, հինգ օրից, թե տասը օրից, բայց մենք ժամանակ չունենք, և պետք է գործենք շատ արագ։ Ապակենտրոն ցանցային ասվածն այն է, որ չլինի այս շարժման վառ ընդգծված առաջնորդ, և մենք կարողանանք հստակ ձևակերպել այն, ինչ ուզում ենք։ Եթե մենք հիմա ասենք, որ մեր առաջնորդն այսինչ մարդն է, ունենալու ենք խնդիր, որովհետև մարդկանց թվալու է, որ եկել ենք այստեղ ինչ-որ մեկին պաշտոնի նշանակելու պահանջով։ Բայց այստեղ ընդհանրապես նման տրամադրություն չկա, այսօր տրամադրությունը մեկն է՝ ունենալ հզոր երկիր՝ Արցախ-Հայաստան, լավ ու արժանապատիվ ապրող ժողովուրդ։ Բայց այս հիմնական նպատակին հասնելու համար՝ որպես միջանկյալ միջոց, մենք պետք է հասնենք իշխանափոխության»,- հավելեց նա։