
Տաշիր պիցցայում թունավորված երիտասարդները դուրս են գրվել Մարտունու ԲԿ-ից

«Տաշիր պիցցա» սննդային ցանցի մասնաճյուղերից մեկում սննդից թունավորված քաղաքացիներից երկուսը Մարտունու բժշկական կենտրոնում բուժում ստանալուց հետո դուրս են գրվել։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Մանուկ Երիցյանը։
«Երեխաների վիճակը առանց բարդությունների անցավ։ Կաթիլային են ստացել, սիմտոմատիկ միջոցներ, ջերմիջեցնող, դիետա։ Երեխաները հսկողության տակ են, ինֆուզիայի կարիք չունեն, ՎԱԿ անալիզի պատասխանը երկու օրից վերջնական կլինի»։
Թունավորման դեպքով նոր պացիենտներ բժշկական կենտրոնում չեն հոսպիտալացվել։
Հիշեցնենք, որ պիցերիաների ցանցում թունավորվածները, որոնք բուժում էին ստանում Մարտունի ԲԿ-ում 18 և 22 տարեկան են։ Նրանք Մարտունու ԲԿ են հոսպիտալացվել նոյեմբերի չորսին՝ օրվա երկրորդ կեսին, 16։00-ի սահմաններում։ Ընդունվել էին ծանր վիճակում, ստացել համարժեք բուժում։ Ունեին ջերմություն, սրտխառնոց, փսխոց, փորլուծություն, թուլություն, գիտակցության մթագնում։ Նախնական դիագնոզը սուր աղիքային ինֆեկցիա է։
Բժշկի փոխանցմամբ՝ հոսպիտալացվածները պատմել էին, որ մեկ անգամ են տանից դուրս սնվել և դա եղել է Երևանում՝ Խանջյանում գտնվող Տաշիր պիցցայում, որտեղ պիցցա են կերել։
Հավելենք, որ ըստ Առողջապահության նախարարության, նոյեմբերի 7-ի ժամը 20:30-ի դրությամբ «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտվածների շրջանում արձանագրվել է 171 դեպք, ստացիոնար բուժում շարունակում է ստանալ 99 հիվանդ, նրանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, 72 քաղաքացի դուրս է գրվել: